«ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ինչ-որ բան արդեն իսկ տեղից շարժվել է, թեև դա առայժմ աչք չի ծակում»
168.am–ի զրուցակիցն է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար, քաղաքական վերլուծաբան Արման Մելիքյանը։
– Պարոն Մելիքյան, ինչպե՞ս եք գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցը տարածաշրջան: Դատելով եզրափակիչ հաղորդագրությունից` հաջողվել է նախագահների հետ պայմանավորվել ՄԽ տարածաշրջանային այցի երեք նպատակների շուրջ, որոնց մասին խոսել էր համանախագահ Ուորլիքն իր երևանյան ասուլիսի ընթացքում:
– Ես այն տպավորությունն ունեմ, որ այս այցը խաղաղ կարգավորման գործընթացի նոր փուլի իրական հայտ է: Շրջանառության մեջ են դրվել որոշ թարմ շեշտադրումներ, որոնք հիմքեր են տալիս ենթադրելու, որ համանախագահները կարող են հակամարտության կողմերին առաջարկել միանգամայն նոր մոտեցումներ և այդպիսով դուրս բերել արցախաադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը, «Մադրիդյան սկզբունքների» հակասականությամբ պայմանավորված՝ ներկայիս փակուղային վիճակից: Այս համատեքստում հատուկ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ պարոնայք Ալիևի ու Սարգսյանի միջև կայանալիք հանդիպումը տեղի է ունենալու ՀՀ սահմանադրական հանրաքվեից հետո: Թերևս, Ադրբեջանի նախագահի համար կարևոր է հանդիպել հատկապես պարոն Սարգսյանի հետ՝ անկախ այն բանից, որ վերջինս հանրաքվեի արդյունքների հիման վրա, արդեն մոտ մեկ տարի անց, կարող է երկկողմ հարաբերությունների համատեքստում զրկվել ի պաշտոնե որոշիչ խոսք ունենալու հնարավորությունից:
– Վերջերս շատ է քննարկվում ՀԱՊԿ–ի հնարավոր խաղաղապահ առաքելությունը Ղարաբաղում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովն օրերս հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղարար ուժերը կարող են մասնակից լինել խաղաղության ապահովման միջոցառումներին ոչ միայն՝ կազմակերպության անդամ երկրների տարածքում, այլ նաև՝ այլ երկրների տարածքում: Այս հայտարարությունն ուշագրավ է դառնում Ուորլիքի այն դիտարկման ֆոնին, որ ԵԱՀԿ ՄԽ անդամ երկրները չեն կարող խաղաղապահ առաքելություն իրականացնել ԼՂ–ում: Հնարավո՞ր է, որ ՌԴ–ն նման հայտարարությունների միջոցով Ղարաբաղում առաքելության հող է նախապատրաստում:
– ՀԱՊԿ-ի բանակային ստորաբաժանումների մասնակցությունն այլ երկրների տարածքում տեղի ունեցող հակամարտություններին կամ խաղաղարար առաքելություններին միանգամայն տրամաբանական գործառույթ է, որը կարող է կանխարգելիչ դեր կատարել այդ կազմակերպությանն անդամակցող երկրների համար՝ առկա կամ հնարավոր վտանգները նվազագույն ջանքերի ու կորուստների գնով չեզոքացնելու տեսանկյունից: Այդուհանդերձ, եթե չեմ սխալվում, պարոն Սեմերիկովը բացառել է ՀԱՊԿ-ի զինված ուժերի՝ ԼՂՀ-ում հայտնվելու հեռանկարը:
– Օրերս նշել եք, որ Շվեյցարիայի առաջարկը՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համակարգված բանակցությունների հարթակ դառնալու մասին, խելամիտ է, սակայն համանախագահ երկրներից մեկը ճնշում է գործադրել, ամենայն հավանականությամբ, որպեսզի առաջարկը մերժվի: Ուորլիքի ասուլիսից տպավորություն է ստեղծվում, որ ամերիկյան կողմը փորձում է ՄԽ Մադրիդյան սկզբունքների օրակարգից դուրս օրակարգ ու նոր մտքեր բերել բանակցային սեղան: Ըստ Ձեզ` դա ո՞ր դեպքում կհաջողվի: Այսինքն` ի՞նչը բանակցությունները կարող է շարժել մեռյալ կետից:
– Այո, ես օգտակար եմ համարում բանակցային լրացուցիչ հարթակ ստեղծելու վերաբերյալ գաղափարը և ցավում եմ, որ շվեյցարական կողմի առաջարկն ինչ-ինչ պատճառներով չի ընդունվել: Շատ կարևոր է, որ հակամարտ կողմերը գոնե փորձագետների մակարդակով շփումների մշտական հարթակ ունենան՝ դա հնարավորություն կընձեռի մշտական ուղիղ կապի մեջ լինել միմյանց հետ, գաղափարներ և առաջարկներ փոխանակել, ինչպես նաև, գոնե այդ մակարդակում, ձերբազատվել շահախնդիր որևէ միջնորդի կամ միջնորդների անհարկի միջամտություններից: Այդ հարթակը նաև հնարավորություն կտար միջնորդներին՝ ոչ միայն՝ իրենց միջև նախապես փոխհամաձայնեցված առաջարկները համատեղ հրամցնել այդ հարթակում աշխատող փորձագետներին, այլ նաև՝ ներկայացնել առանձին ֆրանսիական, ռուսական կամ ամերիկյան նախագծեր: Այս դեպքում արդեն հակամարտող երկրների քաղաքական ղեկավարությանը ներկայացվող կարգավորման նախագծերի նախապատրաստմանը մասնակից կլինեն նաև իրենց իսկ փորձագետները, ինչը կարող է միանգամայն նոր, գործնական բանակցային մթնոլորտ ձևավորել: Ամեն դեպքում ինչ-որ բան արդեն իսկ տեղից շարժվել է, ու, թեև դա առայժմ աչք չի ծակում, սակայն, այնուամենայնիվ, ճիշտ կլինի, որ մեր որոշում կայացնողներն ու բանակցողները պատրաստվեն վերահաս փոփոխություններին:
– Նախկին համանախագահ Մեթյու Բրայզան առաջարկում է, որ իր երկիրը քաղաքական հովանի դառնա Ալիև–Սարգսյան բանակցությունների համար, որպեսզի, եթե կան Սարգսյանին ու Ալիևին խոչընդոտող արտաքին ուժեր, նրանց վստահություն ներշնչեն: Սա կարո՞ղ է արդյունավետ լինել, ըստ Ձեզ:
– Թերևս, Միացյալ Նահանգները կարող է էապես նպաստել բանակցային գործընթացի առավել թափանցիկացմանն ու արդյունավետությանը, սակայն դա չպետք է արվի արտոնյալ դիրք ունեցող հատուկ հովանավորի դիրքերից՝ հակամարտության մեջ ներքաշված ժողովուրդների համար ամենակարևորը խաղաղության արդարացի և արժանապատիվ բանաձևը գտնելն է: