«Բարձրագույն դատական խորհրդի կազմն ամբողջովին արդեն չի կարող ընկալվել՝ որպես կորպորատիվ շահերի պաշտպանող»

Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք Բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանի հետ

– Սահմանադրական փոփոխությունների նախագծով վճռաբեկ դատարանի դատավորներն ընտրվելու են ԱԺ-ի կողմից: Փաստաբաններն ու իրավապաշտպանները մտահոգություն են հայտնել, որ քաղաքական մարմնին հնարավորություն է ընձեռվում ձևավորել դատական իշխանություն: Ինչո՞ւ է ընտրվել այս մեխանիզմը, և արդյոք կա՞ն ռիսկեր:

– Նկատի ունեցեք, որ միջազգային փորձը կարծես թե որդեգրել է երկու մոտեցումներն էլ. երկրներ կան, որտեղ խորհրդարանը որոշ սահմանափակ լիազորություններ ունի, և երկրներ, որոնք խորհրդարանին այս լիազորությունը չեն վերապահում՝ համարելով, որ որևէ քաղաքական մարմին՝ թեկուզև սահմանափակ լիազորություններով, չի կարող առնչվել դատական համակարգի ձևավորմանը: Այս դեպքում, եթե նկատել եք, մենք ամբողջովին չենք սահմանափակվել Ազգային ժողովով և լիազորությունների մի ստվար հատված վերապահել ենք հանրապետության նախագահին, որը, ըստ էության, Սահմանադրության փոփոխությունների նախագծով ներկայացվում է` որպես ոչ քաղաքական դեմք: Ամբողջովին ասել, որ քաղաքականացվում է, իհա՛րկե սխալ կլինի:

Եվ քննադատություններն էլ կարծես թե այդչափ ծայրահեղ չեն, խնդիրն ընդամենն այն է, որ բոլոր դեպքերում ակնհայտ քաղաքական դիրքորոշում ունեցող իշխանության մարմինը՝ օրենսդիր մարմինը, կարողանում է այս կամ այն չափով ազդել, իսկ դա նաև` շատ միջազգային փորձագետների դիտարկմամբ՝ այնքան էլ հեռատես չէ, հատկապես այն երկրներում, որտեղ հնարավոր զարգացումները կարող են կանխատեսելի չլինել: Մի քանի երաշխիքներ կան, որ մեզ մի փոքր հնարավորություն պետք է տան` այս խնդրին այլ կերպ նայել և չհանգել այն եզրակացության, որ այս հարցի առնչությամբ շատ խիստ քաղաքական դիրքորոշում կա:

Առաջինն այն է, որ, վերջին հաշվով, Բարձրագույն դատական խորհրդի կազմն ամբողջովին արդեն չի կարող ընկալվել` որպես կորպորատիվ շահերի պաշտպանող, որովհետև հիմա Արդարադատության խորհուրդը, մեծ հաշվով, հենց այդպիսին էլ ընկալվում է` ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի, առանձին մասնագետների, հասարակական կարծիքի, այլև նեղ` մասնագետների կողմից, որովհետև, եթե դատավորները մեծամասնություն են այդ խորհրդում, ակնկալել, որ իրենք կորպորատիվ շահերից զերծ կմնան, մի փոքր խնդրահարույց է: Մեղմ ասած՝ խնդրահարույց է:

Նոր կազմը կարծես թե մասամբ լուծում է այդ խնդիրը (փոփոխությունների նախագծով՝ Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է 10 անդամներից, որոնցից 5-ին ընտրում է ԱԺ-ն՝ գիտության ոլորտի և այլ հեղինակավոր իրավաբանների թվից, 5-ին՝ Դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորների թվից.- Օ. Հ.):

Ավելին ասեմ՝ միջազգային փորձագետներն ասում էին՝ գոնե մեկ դատավոր պետք է ավելի լինի: Մենք անգամ դրան չգնացինք, ասացինք՝ քանի որ այսպիսի կարգավորումներ ենք նախատեսել, որպես փոխահամաձայնեցված տարբերակ` պետք է նկատել, որ խորհրդում իրավաբան գիտնականների և դատավորների քանակը հավասար լինեն: Այլ կերպ ասած՝ այս երեք թեկնածուների նախնական ընտրությունը հնարավորինս ապաքաղաքականացված է (փոփոխությունների նախագծով՝ վճռաբեկ դատարանի դատավորների և պալատի նախագահների ընտրությունն իրականացվում է մրցութային կարգով: Բարձրագույն խորհուրդը մրցույթի արդյունքներով ԱԺ ներկայացնում է վճռաբեկ դատարանի դատավորների և պալատի նախագահների՝ յուրաքանչյուր տեղի համար երեք թեկնածու.- Օ.Հ.):

Իհարկե, նաև մոտեցում կա, որ իրավաբան գիտնականները ևս ընտրվում են այն կառույցների կողմից, որոնք կարող են քաղաքական կողմնորոշում ունենալ: Ամբողջովին ասել, որ՝ եթե քաղաքական մարմինը որևէ մարմին է ձևավորում, այն ընկնում է քաղաքական մարմնի հսկողության տակգ Իմ կարծիքով՝ այդպես չէ: Վերջին հաշվով, մենք կարող ենք ասել, որ գլխավոր դատախազն էլ է քաղաքականացված, որովհետև ընտրվում է քաղաքական մարմնի կողմից:

Բայց չէ՞ որ այս բոլոր լուծումներին կան նաև հակալուծումներ, երաշխիքներ, որոնք մեղմում են այս իրավիճակը: Մի դեպքում ժամկետներն են տարբեր լինում, այսինքն՝ ընտրված պաշտոնյան, ընդունենք, շատ ավելի երկարատև ժամկետով է իրականացնում իր պաշտոնավարումը, քան խորհրդարանը, մեկ այլ դեպքում պարզապես փոխհարաբերություններն են այլ: Այսինքն՝ դուք կարող եք ընտրել, նշանակել, բայց չեք կարող նրանց նկատմամբ հսկողություն իրականացնել, և նրանք էլ հաշվետու չեն ձեր առաջ:

Նկատի ունեցեք. նույն Միացյալ Նահագներում անգամ գործադիր իշխանության ներկայացուցիչները կարող են դատավորների նշանակել: Այս տեսակյունից սա կարող է առավել ևս խոցելի համարվել, բայց եթե դուք նշանակում եք՝ դատավորի նկատմամբ չունենալով որևէ վերահսկողություն, անգամ չեք կարող նրա նկատմամբ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառել, մեծ հաշվով, խնդիր չկա, մանավանդ որ, նշանակումն էլ կամայական, ապրիորի չէ:

Այսինքն՝ շատ հստակ ամրագված է, թե որ անձանց շրջանակներից կարող եք դատավոր նշանակել, քննության ընթացքում ինչ բալեր հավաքած թեկնածուների կարող եք նշանակել, կարող եք նշանակել ավելի շատ բալեր հավաքած թեկնածուին: Մենք անգամ քաղծառայության ոլորտում դեռ այս կարգավորումները սպառիչ և կանխատեսելի չունենք: Ընդունենք՝ նախարարի ներկայացվում են մի քանի թեկնածուներ, որոնք ապահովել են նվազագույն ցուցանիշը, բայց ընտրությունը թողնվում է նախարարի կամ գերատեսչության ղեկավարի վրա:

Մինչդեռ առավել իրավաչափ կլիներ, եթե այստեղ բացարձակապես հայեցողություն չլիներ, աշխատանքի անցներ քաղաքացիական ծառայության հենց այն թեկնածուն, ով ավելի շատ բալեր էր հավաքել: Այսինքն՝ եթե մենք ապահովենք այս երաշխիքները, մեծ հաշվով, Ձեր այն մտավախությունը (իհարկե Ձերը չէ, Դուք հնչեցնում եք մտավախությունը, որ կա), կարծում եմ՝ այդքան ընդգծված չի լինի:

– Փոփոխությունների նախագծի հայեցակարգով երկու առաջարկ կար, որոնք տեղ չգտան փոփոխությունների նախագծում: Խոսքը երդվյալ ատենակալների մասնակցությամբ դատական նիստեր անցկացնելու հնարավորության և երկաստիճան դատական համակարգի անցնելու մասին է: Ի՞նչ հիմնավորումներով հանձնաժողովը գտավ, որ նպատակահարմար չեն այդ կարգավորումները:

– Դեռ հայեցակարգի մշակման ժամանակ մեր միջև լուրջ տարաձայնություն կար (հիմա չբացահայտենք, թե ով ինչ դիրքորոշման կողմնակից էր), այդ պատճառով էլ մենք ընդամենն ամրագրեցինք, որ դա կարող է քննարկման առարկա լինել: Այսինքն՝ եթե հանրային քննարկումների, այդ թվում` նեղ մասնագետների քննարկումների ընթացքում կհաղթեր այն տարբերակը, որ մեզ երդվյալ ատենակալների ինստիտուտ է պետք, այն տեղ կգտներ նախագծում, բայց մենք ավելի շատ հակառակորդներ ունեցանք, այդ թվում` հասարակական քննարկումների ընթացքում: Զարմանալիորեն դատական համակարգը դրան դեմ չէր:

Մենք մտածում էինք, որ դատական համակարգը, մեծ հաշվով, դեմ կլինի դրան, բայց ընդհակառակը՝ նրանք գտնում էին, որ երդվյալ ատենակալների ինստիտուտի անհրաժեշտությունը կա՝ միգուցե ոչ այն եղանակներով, որոնցով գործում է Միացյալ Նահանգներում կամ հարևան երկրում՝ Վրաստանում, բայց դա կարող էր գործել՝ թեկուզ եռյակի տեսքով: Բայց, բոլոր դեպքերում, ինչպես ասացի, քննարկումների ընթացքում մեծամասնությունը դեմ փաստարկներ բերեց:

Հիմնականում փաստարկներ էին բերում, որ դա կհանգեցնի լրացուցիչ ծախսերի, երդվյալները մասնագետներ չեն, դատական սխալների հավանականությունը շատ մեծ է, և այլն, և այլն: Բայց նկատի ունենանք, որ Առաջին Հանրապետությունում, որտեղ իսկապես նյութական սուղ վիճակի հարցն առավել սուր էր դրված, երդվյալ ատենակալների ինստիտուտ կար: Այնպես որ, միշտ չէ, որ պատմությունը, այսպես ասած, դեմ է այս ինստիտուտին:

Երկրորդ հարցի առնչությամբ դարձյալ տարաձայնություններ կային. բնականաբար, երկաստիճան դատական համակարգը համարվում էր առավել նախընտրելի այն պետությունների համար, որտեղ հնարավորությունը մեծ չէ, և եռաստիճան դատական համակարգը կարող է ավելորդ խոչընդոտ հանդիսանալ, ձգձգումների, ժամկետների կորստի տեղիք տալ, և այլն:

Բայց դարձյալ քննարկումների ընթացքում առավել հաղթող համարվեց այն դիրքորոշումը, որ ինքնըստինքյան երկաստիճան կամ եռաստիճան դատական համակարգը չէ խոչընդոտողը, եթե ճիշտ ընթացակարգեր չեն ընտրվում, ձգձգումներ կարող են լինել նաև երկաստիճան համակարգի դեպքում: Չէ՞ որ մենք առաջին ատյանի դատարանում գործերի քննություն ունենք տևական ժամանակով: Հետևաբար՝ սա հնարավոր է նաև երկաստիճանի դեպքում: Խնդիրը պետք է փնտրել մի փոքր այլ հարթության վրա:

Մանավանդ, պետք է նկատի ունենանք, որ քրեական գործերով եռաստիճան համակարգը գրեթե պարտադիր է: Եթե քաղաքացիական, վարչական գործերով ինչ-որ տեղ կարող ենք փոխզիջման գնալ… Եթե հիշում եք, մենք փորձ ունենք կարճ ժամանակով, երբ վարչական դատարանին հաջորդում էր վճռաբեկ դատարանը: Եվ, այնուամենայնիվ, կյանքը ցույց տվեց, որ կարծես թե սխալ մոտեցում ամրագրվեց, երբ վճռաբեկ բողոքների համար և՛ քրեական, և՛ քաղաքացիական, և՛ վարչական գործերով միասնական պահանջներ նախատեսվեցին ՝ մոռանալով, որ մի դեպքում` մենք ունենք վերաքննիչ ատյան, մյուս դեպքում՝ ոչ:

Եվ Սահմանադրական դատարանն էլ, ըստ էության, միանշանակ չէր ամրագրում, որ պետք է լինի վերաքննիչ վարչական դատարան: Ընդամենն ասվում էր, որ, եթե վերաքննիչ վարչական դատարան չկա, ապա բողոքների ընդունման պայմանները չեն կարող լինել այնպիսին, ինչպիսին են քրեական գործերով, հետևաբար` բողոքի շրջանակները, պայմանները, հիմքերը պետք է շատ ավելի լայն լինեն: Այսինքն՝ երկու տարբերակ կար՝ կա՛մ պետք է ընդարձակվեին բողոքարկման շրջանակները, կա՛մ նոր ատյան պետք է ստեղծվեր: Նախապատվությունը տրվեց նոր ատյանի ստեղծմանը, որը, իմ խորին համոզմամբ, լավագույն տարբերակը չէր: Ինչևէ:

Սա արդեն գործող համակարգն է: Չի էլ բացառվում, որ հետագայում գոնե վարչական գործերով մենք հրաժարվենք երկրորդ ատյանից: Մի խոսքով՝ սա ևս քննարկման արդյունք է: Այսինքն՝ հանձնաժողովը, բնականաբար, շատ հաճախ տեսակետներ էր հավաքագրում: Նաև պահանջն էր այդպիսին՝ եթե ընդունենք` նեղ մասնագետները, նաև հանրությունը դեմ էին այս կամ այն տեսակետին, բնականաբար, հիմք էինք ընդունում այն տեսակետը, որ ավելի շատ ձայներ էր հավաքում, ավելի շատ կողմնակիցներ էր ունենում: Ձեր բարձրացրած այս երկու հարցերը հենց այդպիսին էին:

Տեսանյութեր

Լրահոս