«Ոչ մի քաղաքական գաղափար չունեն քաղաքական շուկա բերելու, ու ո՛չ ինձ, ո՛չ ձեզ ոչինչ չունեն առաջարկելու». ՀՀԿ-ականը՝ «Ժառանգությանը» և ՀԱԿ-ին

«Եթե վաղը-մյուս օրը կուսակցություններն էլի ոչ պատասխանատու ձևով վերաբերվեն ապագա խորհրդարանի կարգավորմանը, մենք նոր հնարավորությունը կօգտագործենք վատ ձևով»,- կարծում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը: Այսօրվա ասուլիսի ժամանակ խոսելով կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու մասին՝ նա նշեց, որ իրենք՝ որպես իշխանություն, չեն կարող երաշխավոր լինել ամբողջ քաղաքական դաշտի համար ու ասել, որ ընդդիմությունն էլ է պատրաստ խորհրդարանական կառավարմանը:

«Հանրապետականը պատրաստ է այդ քաղաքական փոփոխություններին, այն քաղաքական ուժերը, որոնք պատրաստ չեն խորհրդարանական մոդելին, չգիտես ինչու, հայտնվում են «ոչ»-ի դաշտում, որովհետև վստահ չեն, որ իրենք այն լիարժեք քաղաքական ուժն են, որոնք կարող են խորհրդարանական կառավարման պարագայում հասարակությանը որևէ բան առաջարկել»,- նշեց Ա. Զաքարյանը:

168.am-ի հարցին՝ կայացած կուսակցություններ քանի՞ հատ ունենք, որոնք պատրաստ են խորհրդարանական համակարգին, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց. ««Ժառանգություն» կուսակցությունը նախագահական ընտրությունների ժամանակ հավաքեց մոտ 32% ձայն, ո՞ւր է այսօր «Ժառանգություն» կուսակցությունը, հետևաբար՝ չի կարելի հասարակության դժգոհ հատվածի վրա ձայն հավաքել, բայց ոչինչ չասել այս հասարակությանը, դրա համար էլ այսօր գնացել, «ոչ» են ասում Սահմանադրությանը, որովհետև գիտեն, որ վաղը կուսակցական համակարգի աշխուժացման, զարգացման պարագայում՝ իրենք ոչ մի քաղաքական գաղափար չունեն քաղաքական շուկա բերելու, ու հետևաբար՝ ո՛չ ինձ, ո՛չ ձեզ ոչինչ չունեն առաջարկելու, դրա համար իրենց լավ է, որ մնա այսպես, միշտ հասարակությունը դժգոհի իշխանություններից, իրենք էլ ձայն հավաքեն: Նույնը վերաբերում է ՀԱԿ-ին»:

Հարցին էլ՝ եթե սահմանադրական փոփոխություններն անցնեն, ու կուսակցական համակարգը կայանա, հնարավո՞ր է՝ մնան ընդամենը մի քանի կուսակցություններ, ինչպես ԱՄՆ-ում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ չի բացառվում. «Դա ժամանակի խնդիր է, կմնան այն կուսակցությունները, որոնք իրականում անելիք ունեն հասարակության, քաղաքականության և պետության համար, ովքեր տեսնում են վաղվա օրը»:

Տեսանյութեր

Լրահոս