Հին երգերը՝ նոր կատարումներով
ԱԺ ճեպազրույցների հիմնական թեման երեկ սահմանադրական հանրաքվեի ժամանակ հնարավոր ընտրակեղծիքներն էին՝ իշխանությունները կդիմե՞ն դրանց, ի՞նչ մեխանիզմներ գործի կդրվեն, և ինչպե՞ս խուսափել կեղծիքներից:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, թե իշխանությունը կարիք չունի ընտրակեղծիքների գնալու, դա պատիվ չի բերի ոչ մեկին, առավել ևս, որ սահմանադրական հանրաքվեն և դրա շուրջ ծավալվող գործընթացները միջազգային կառույցների ակնդետ հսկողության ներքո են, իսկ երկրի «իմիջի» խաթարումը լուրջ խնդիրներ կհարուցի:
ՀՀԿ-ի կողմից վարչական ռեսուրսները գործի դնելու մասին մեղադրանքներին ՀՀԿ խմբակցության ղեկավարը հարցադրումով պատասխանեց՝ եթե համայնքների աշխատողների մեծ մասը հանրապետական է կամ իրենց համակիրն է, ուրեմն չգնա՞ն քվեարկության: Դիտարկմանը, որ գյուղապետերին հանձնարարվել է 100 ընտրողի դեպքում ապահովել 150 «այո», Վ.Բաղդասարյանը հակադարձեց, թե որևէ քարոզարշավ չեն սկսել, գյուղապետերի հետ չեն հանդիպել, ակտիվ քարոզարշավի կանցնեն նոյեմբերի 1-ից, իսկ դեռևս միայն իրենց մարտավարությունն է մշակվում:
Վ.Բաղդասարյանը հայտարարեց, որ իրավունք չունեն ՀՀ-ից դուրս գտնվող մարդկանց հանել ցուցակներից, թեև այդ իրավիճակն իրենց համար էլ ձեռնտու չէ: Ըստ նրա` որքան մեծ լինեն ցուցակները, այնքան «այո»-ի շեմն է բարձր: Նաև իրավունք չունեն որևէ մեկին զրկել քվեարկության իրավունքից: Բաղդասարյանն ասում է, որ Աժ նիստերի ժամանակ նույնականացման քարտերի վերաբերյալ ՀՀԿ մերժողական դիրքորոշումը միայն առաջին տպավորություն է: Հանրապետականը լսել է բոլոր առաջարկությունները, բայց ունի իր տարբերակները, պետք է գտնեն միակ լավագույնը:
Վ.Բաղդասարյանը վստահ է՝ հիմնական քաղաքացիական հասարակությունը, քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը հակված են սահմանադրական բարեփոխումներին «այո» ասելու: Իսկ եթե անգամ ժողովուրդը «Ոչ» ասի, և Սահմանադրությունը չանցնի, Բաղդասարյանը մեծ խնդիր չի տեսնում:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, հակառակը, կարծում է, որ կեղծիքներն այս անգամ հիմնականում ուղղված են լինելու հանրաքվեի կայացմանն ու դրա համար անհրաժեշտ 700 հազար «այո»-ների ապահովմանը: Իսկ դրա համար լավագույն ձևն ընտրողների ուռճացված ցուցակներն են, որտեղ ներառված են «սև գործ անողները»՝ «լոսանջելեսաբնակներն ու մահացածները»:
Ա.Մանուկյանի կարծիքով՝ իշխանության նախկին գործիքները պակասել են. պակասել է գումարը, վարչական մեխանիզմը և շահագրգռվածությունը. «Այս անգամ, ինչքան հասկանում եմ, շատ փող չեն բաժանելու, շատերը նաև հասկացել են, որ, եթե անգամ փող էլ վերցնեն, չեն քվեարկելու: Նաև մոտիվացիան է պակասել, և պետական ապարատը, շատ ՀՀԿ-ականներ, լծակ ունեցողներ չեն ուզում, որ այս Սահմանադրության նախագիծն անցնի: Իրենք ոչ թե դեմ են քվեարկելու Սերժ Սարգսյանին, այլ Սահմանադրությանը: Քրտինք, արյուն թափելու են ու քվեարկության ցուցակները չեն հրապարակելու: ՀՀ-ում չկա այնքան մարդ, որքան ընտրական ցուցակներում ընտրող կա: Ահա որտեղ է իրենց կեղծիքի հիմնական աղբյուրը»:
Ա.Մանուկյանը հիշեցրեց, որ դեռևս հոկտեմբերի 15-ին Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր 5000 ID քարտ ունեցողների մասին, իսկ հիմա արդեն այդ թիվը հասել է 182 հազարի: Նա նշեց, որ նույնականացման քարտ ստուգելու սարքն արժե 3000 դրամ ու լայնորեն կիրառվում է Մաքսային ծառայությունում, հաշվապահների կողմից. «Հայաստանը վաղուց ունի միասնական տեղեկատվական համակարգ, և բոլորովին բարդ չէ ID քարտով քվեարկելու դեպքում բլոկ անել, որ այլ տեղամասում չքվեարկեն»:
Ա.Մանուկյանը համոզված է՝ կրկնաքվեարկությունը բացառելու լավագույն տարբերակներից մեկը մատի թանաքոտումն է, որ ինչով էլ լվանան, լապտերի ուլտրամանուշակագույն լույսի ներքո երևում է, որ քվեարկել է:
Ընտրացուցակներում անուն-ազգանունների 20 % կրկնությունները, ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանին, կարծես, այնքան էլ չեն անհանգստացնում, օրինակ` Գյումրիում կա 2 Հովհաննես Մարգարյան Հայկի, Շիրակում` 17, բայց նրանք տարբերվում են առնվազն ծննդյան ամսաթվերով: Սակայն նույնականացման քարտերով հանրաքվեին մասնակցություն թույլատրելը, ըստ Հ.Մարգարյանի, նույնն է թե` թույլ տան նաև վարորդական իրավունքով, ծննդյան վկայականով մասնակցել: Թե ինչպե՞ս ՕԵԿ-ը կիրականացնի քարոզարշավը, Հ.Մարգարյանը խոստացավ, որ հանրությունը դա կտեսնի ու կլսի. վաղը կայանալու է «Հայկական վերածնունդի» համակարգող խորհրդի նիստ և կքննարկվի շտաբի ձևավորման ու աշխատանքների հարցը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կարծիքով` վարչական ռեսուրսի օգտագործման շուրջ մտահոգությունները չեն վերանա, քանի դեռ վստահություն չկա ընտրությունների հանդեպ: Կեղծիքներից խուսափելու առումով նա կարևորեց վերահսկման խնդիրը. «Այդ մոբիլիզացիան ընդդիմությունը Հայաստանում երբեք չի ունեցել, որ կարողանա խախտումների ծավալ արձանագրի, ու ընտրություններից հետո դնի դրա անվավերության հարցը ու ներկայացնի Սահմանադրական դատարան»: ՀՅԴ-ն իր մասով ապահովելու է վերահսկողություն բոլոր 2000 տեղամասերում ու հետևելու է, որ հանրաքվեն լինի ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը շեշտեց, որ չի կարելի հենց սկզբից խոսել անվստահության մասին: Հարցին՝ ի՞նչ դեր ունեն մինչ այս իշխանությունների չփոխվելու մեջ ընտրակեղծիքներն ու սպանությունները, Մելքումյանը պատասխանեց, որ դրանք ինչ-որ գործընթացների հետևանքներ են միայն: Նա հույս հայտնեց, որ առաջիկայում մեր հանրապետությունը կանցնի այնպիսի ճանապարհ, որ ավելի քիչ խոսենք ընտրակեղծիքների մասին:
ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«168 ԺԱՄ»