
Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանը Վրաստան աշխատանքային այցի շրջանակներում այսօր Թբիլիսիում հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
Սերժ Սարգսյանը և Իրակլի Ղարիբաշվիլին գոհունակությամբ են արձանագրել, որ ավանդական բարիդրացիության, երկու երկրների բարեկամ ժողովուրդների միջև պատմական հենքի վրա խարսխված միջպետական շփումները, այդ թվում` Հայաստանի և Վրաստանի կառավարությունների արդյունավետ փոխգործակցությունը լուրջ նախադրյալներ են ստեղծում գործընկերության նորանոր ուղղություններ նախանշելու համար:
Զրուցակիցները երկուստեք կարևորել են տարածաշրջանային նշանակության ենթակառուցվածքային, այդ թվում` էներգետիկ ծրագրերի իրականացումը, որոնք, նրանց համոզմամբ, զգալիորեն կխթանեն Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական կապերի ամրապնդումը, կնպաստեն առևտրաշրջանառության ծավալների աճին:
Անդրադառնալով ինտեգրացիոն գործընթացներին երկու երկրների մասնակցությանը` ՀՀ Նախագահը և Վրաստանի վարչապետը մատնանշել են դրանց փոխլրացնող բնույթը և ենթակառուցվածքային ծրագրերի փոխկապակցման կարևորությունը: