ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի հարցով
ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովը, որը 57 երկրում հետևում է մարդու իրավունքներին ու միջազգային համագործակցությանը, նոյեմբերի 5-ին հատուկ լսումներ կանցկացնի Ադրբեջանում մարդու իրավունքների հարցով, հայտնում է Turan-ը:
«Ադրբեջանում օրենքի գերակայությունն ու քաղաքացիական հասարակությունը» կոչվող միջոցառումը կկենտրոնանա այն հարցի վրա, թե ինչպես է Ադրբեջանի կառավարությունն օգտագործում իր իրավական համակարգը կառավարությանը քննադատողներին կալանավորելու ու հետապնդելու համար:
Կիրականացվի նաև Ադրբեջանում նոյեմբերի 1-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախնական անալիզ:
«Վերջին 2 տարին վկայում են Ադրբեջանում մարդու իրավունքների ու օրենքի գերակայության մշտական անկման մասին: Բազմաթիվ անկախ քաղաքացիական կազմակերպություններ ստիպված էին փակվել ճնշումների կամ իրենց ղեկավարների վրա ճնշումների սպառնալիքների պատճառով»,- ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ:
Քննարկմանը կմասնակցեն Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, Լեյլա ու Արիֆ Յունուսների դուստրը՝ Դինարա Յունուսը: