ԲՀԿ-ական որևէ մեկը փետրվարին չի ասել, որ դեմ են «այո»-ին կամ «ոչ»-ին
Սահմանադրական փոփոխությունները ճիշտ ուղին է` քաղաքական մենիշխանության փոփոխության համար, որպեսզի լինի կոլեկտիվ քննարկում և բաժանարար գիծը գնա ոչ թե պառլամենտ-իշխանություն, այլ հենց պառլամենտում՝ ընդդիմության ու իշխանության միջև: Նման տեսակետ այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտնեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ նկատելով, որ ամեն ինչ ի վերուստ դնել վստահության դաշտի վրա, ճիշտ չէ:
Ըստ նրա՝ ԲՀԿ-ական որևէ մեկը փետրվարին չի ասել, որ դեմ են «այո»-ին կամ «ոչ»-ին, բայց այն ժամանակ պահը չէր: Մ.Մելքումյանը նշեց, որ երբ ընկալումը հանրության մեջ այնպիսին էր, որ հանրապետությունը շեղվել է իր սոցիալ-տնտեսական ճանապարհից, գնաց ոչ իշխանական ուժերի կոնսոլիդացիա, եղան հուժկու հանրահավաքներ, մարդկանց մտայնությունն այն էր, որ անմիջապես լուծումներ տրվեին, բայց միանգամից բան չի լինում: Ի վերջո, ինչպես ակնարկեց պատգամավորը, հայտնի անձը դուրս եկավ քաղաքականությունից:
«Կա քաղաքական մենիշխանություն, Հանրապետության նախագահի ձեռքում կենտրոնացած են գերլիազորություններ»,- նկատեց Մ.Մելքումյանը՝ իրավիճակի փոփոխության ելք դիտարկելով սահմանադրական փոփոխությունները: