Ավելի քան 20 ներգաղթյալ է խեղդվել Հունաստանի ափերի մոտ
Էգեյան ծովում երկու նավակի շրջվելու հետևանքով, որոնցում գտնվել են ներգաղթյալներ, զոհվել է ավելի քան 20 մարդ:
Ինչպես հայտնում է Associated Press-ը, խեղդվել է նվազագույնը 22 մարդ, հունական ԶԼՄ-ները հայտնում են 21 զոհի մասին:
Առաջին փայտե նավակը շրջվել է Կալիմնոս կղզու մոտ այս գիշեր: Նավակի շրջվելու հետևանքով խեղդվել է 19 մարդ, 138 ներգաղթյալ կարողացել է փրկվել:
Այս դեպքն ամենալուրջն էր այն պահից ի վեր, ինչ ներգաղթյալների ալիքը հասավ Եվրոպա:
Երկրորդ դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Ռոդոս կղզուց ոչ հեռու: Նախնական տեղեկություններով՝ խեղդվել է 3 մարդ, 6 մարդ կարողացել է փրկվել: Եվս 3 մարդ անհետ կորած է համարվում:
Նախօրեին ևս Էգեյան ծովում շրջվել է ներգաղթյալներ տեղափոխող մի քանի նավակ, որի հետևանքով խեղդվել է 16 մարդ, այդ թվում՝ 7 երեխա: Փրկարարները կարողացել են փրկել 274 մարդու Լեսբոս կղզու մոտակայքում: