
Պուտինն անթույլատրելի է համարում ՌԴ-ում օտարերկրյա արժույթի կիրառումը վառելիքաէներգետիկ ոլորտի գործարքների իրականացման ժամանակ

Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վառելիքա-էներգետիկ համակարգի զարգացման ռազմավարության ու էկոլոգիական անվտանգության հարցերով ՌԴ նախագահին կից հանձնաժողովի նիստում անթույլատրելի է համարել Ռուսաստանում օտարերկրյա արժույթի կիրառումը վառելիքաէներգետիկ ոլորտի գործարքների իրականացման ժամանակ: Այս մասին տեղեկանում ենք kremlin.ru-ից:
Նիստում քննարկվել են ռուսական վառելիքաէներգետիկ համալիրի՝ նոր տնտեսական պայմաններին հարմարվելու հարցերը, ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև այն քայլերը, որոնք կօգնեն նվազեցնել կախումը սարքավորումների ներմուծումից:
«Ես կցանկանայի ևս մեկ սկզբունքորեն կարևոր հարցի անդրադառնալ, որը կարևոր է ինչպես վառելիքա-էներգետիկ համակարգի զարգացման, այնպես էլ տնտեսության համար ընդհանուր առմամբ: Խոսքը ներքին հաշվարկներում օտարերկրյա արժույթի կիրառությունը դադարեցնելու մասին է: Հարկավոր է վերջ տալ այդ պրակտիկային: Մեզ մոտ օրենքով նման հաշվարկներն արգելված են, իսկ ի՞նչ է տեղի ունենում գործնականում:
Ռուսական նավահանգիստներում՝ Նովոռոսիյսկում, Տամանում, Ուստ-Լուգայում, Կոզմինոյում, Պրիմորսկում և այլուր, նավթամթերքի գները հաշվարկվում են ԱՄՆ դոլարով կամ իրական ժամանակի ռեժիմում օնլայն համակարգով սահմանվում են դոլարով: Դա, իհարկե, անթույլատրելի է, դա հակասում է գործող օրենսդրությանը: Ես չեմ հասկանում՝ ո՞ւր են նայում վերահսկիչ մարմինները»,- հայտարարել է Պուտինը:
Նա կոչ է արել ուժեղացնել ռուբլու դերը հաշվարկներում, այդ թվում՝ ռուսական վառելիքաէներգետիկ համալիրի ապրանքների համար:
«Հարկավոր է օգտագործել ազգային արժույթներն այն երկրների հետ օպերացիաների ժամանակ, որոնց հետ մենք ակտիվ առևտուր ենք իրականացնում: Մենք միջպետական մակարդակում մեր գործընկերների հետ մշտապես քննարկումներ ենք իրականացնում, ու անկասկած, հարկավոր է ձգտել այն բանին, որ անցում կատարենք նման հաշվարիներին»,-ասել է նա՝ շեշտելով, որ այդ հաշվարկները պետք է կատարվեն ճշգրիտ, որպեսզի տնտեսական օպերացիաների մասնակիցները չտուժեն, հակառակը՝ օգտվեն: