Իրանը պետք է հաշտվի Ասադի պաշտոնանկության հետ. Էր-Ռիյադ
Սաուդյան Արաբիան կարծում է, որ Իրանը ցանկացած դեպքում պետք է ընդունի իշխանությունից Բաշար Ասադի հեռացման փաստը, սիրիական կոնֆլիկտի կարգավորման ինչ որոշում էլ կայացվի: Այս մասին BBC-ի հետ զրույցում հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել ալ-Ջուբեյրը:
Նրա խոսքով՝ «ոչ մի կասկած չկա», որ Ասադը պետք է պաշտոնանկ արվի: «Կա´մ նա կհեռանա քաղաքական գործընթացի շրջանակում, կա´մ նրան պետք է ուժով հեռացնել»,- հայտարարել է ալ-Ջուբեյրը:
Վիեննայում, մինչ այդ, շարունակվում են միջազգային բանակցությունները, որտեղ քննարկվում է Սիրիայի ապագան, Ռուսաստանի գործողություններն այդ երկրում, ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի հարցն ու Ասադի ռեժիմի ճակատագիրը:
Բանակցություններին մասնակցում են ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Արևմտյան Եվրոպայի առաջատար երկրների ներկայացուցիչները, Սաուդյան Արաբիան, Ռուսաստանը, Թուրքիան ու Մերձավոր արևելքի այլ երկրներ, առաջին անգամ բանակցություններին պաշտոնապես մասնակցում է Իրանը: