«Զինծառայողների նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու համար կապիտանը դատապարտվել է». նա իրեն մեղավոր է ճանաչել

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ ՀՀ ՊՆ N զորամասի կապիտաններից մեկը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով առաջադրված մեղադրանքներում՝ դատապարտվելով 5 տարվա ազատազրկման:

Նա մեղադրվել է 3 զինծառայողների կամքին հակառակ սեռական բնույթի գործողությունների հարկադրելու, տաբատը և վարտիքն իջեցնելու վերաբերյալ իր կողմից տրված պահանջը չկատարելու պատճառով հայհոյանքներ տալու, օրենքով և զինվորական կանոնադրություններով իր վրա դրված պարտականությունները չկատարելու, ծառայության բնականոն ընթացքն ապահովելուն ուղղված անհրաժեշտ միջոցառումներ չիրականացնելու համար:

Դրվագներից մեկը մեղադրանքի որոշման մեջ նկարագրված է հետևյալ կերպ. սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու շարժառիթով, կատարել է իշխանազանցություն՝ զորամասի աշխատասենյակ է տարել ժամկետային զինծառայողին, նրան օգնություն կանչելու հնարավորությունից զրկելու նպատակով կողպել է աշխատասենյակի դուռը, որից հետո զինծառայողի կողմից ձեռքերով ցուցաբերած դիմադրությունը հաղթահարելու համար բռնություն է գործադրել նրա նկատմամբ, նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի գործողություններ:

Մինչ դատաքննություն սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատական քննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ: Նշենք, որ հրապարակումից հետո մեկամսյա ժամկետում դատավճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում:

Տեսանյութեր

Լրահոս