Բաժիններ՝

Խնդրահարույց օրինագիծը կրկին ԱԺ-ում է. գազը, բենզինը, ծխախոտն ու օղին կթանկանան

Այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Ակցիզային հարկի մասին» օրենքը: Դրանով, հիշեցնենք, առաջարկվում էր 10 %-ով ավելացնել ծխախոտի, օղու, դիզվառելիքի, բենզինի և սեղմված գազի ակցիզային հարկը։ Փոփոխությունների գործողության ժամկետն առաջին ընթերցման ժամանակ առաջարկվում էր 2016 թ. հունվարի 1-ը, որի դեպքում 9 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտ կապահովվեր պետական բյուջե։ Ամիսներ առաջ օրինագիծը քարկոծեցին թե՛ ընդդիմադիր, թե իշխանամետ պատգամավորները՝ այն անվանելով «կործանարար», Վարդան Այվազյանը կանխատեսեց, որ այն ցնցումներ կառաջացնի, իսկ Գալուստ Սահակյանն էլ հայտարարեց, որ հիմնավորումների կարիք կա:

Չնայած այս քննադատություններին առաջինից երկրորդ ընթերցում օրենքի միակ փոփոխությունը ժամկետի հարցն է, որ եթե այն պետք է ուժի մեջ մտներ 2016թ. հունվարի 1-ին, այժմ գործողության ժամկետը հետաձգվել է և ուժի մեջ կմտնի մայիսի 1-ին:

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ օրինագծում փոփոխություններ չեն արվել, ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ պատգամավորները ոչ մի գրավոր առաջարկություն չեն ներկայացրել, որպեսզի այդ ուղղությամբ աշխատեն:

Օրենքի ընդունումը պայմանավորված է ԵՏՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

«Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, որ օրինագիծը համատարած թանկացում է սպառնում, քանի որ եթե անգամ ալկոհոլն ու ծխախոտը մի կողմ դնենք, տրանսպորտի գազի թանկացումը կազդի սպառողական ապրանքների գների վրա փոխադրման մասով:

«Այս նախագիծը գլխացավ առաջացնող նախաձեռնություն է: Այն ոչ միայն չպետք է երկրորդ ընթերցմամբ չներկայացվեր, այլ հակառակը՝ պետք է քննարկվեր, թե ինչպես անել, որ Հայաստանի բիզնես միջավայրը բարելավվեր, որ տնտեսության այսօրվա չաճող պայմանենրում գործարարներն իրենց խնդիրները լուծեին»,- հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ ահազանգելով, որ առևտրի 6% անկման պարագայում բյուջեի եկամուտների աճն էլ չի լինի այս նախագծի արդյունքում:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կարծիքով՝ սա թույլ է տալու, որ ՌԴ-ից անորակ օղին ու ծխախոտը բերեն Հայաստան, հաստատապես թանկանալու է տրանսպորտը. «Անխուսափելի է լինելու թանկացումը, անխուսափելի է լինելու տեղական արտադրողին պաշտպանելը և անխուսափելի է լինելու ռուսական անորակ արտադրանքի մուտքը Հայաստան»: Ըստ նրա՝ այս ճգնաժամային իրավիճակում օրինագիծը չպետք է բերվեր ԱԺ, իսկ այժմ պետք է հետ կանչվի, քանի որ կարճաժամկետ խնդիրների լուծման փորձերը սոցիալական մեծ բունտի սպառնալիք են պարունակում:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի խոսքով՝ եթե ինքը լիներ մարդ, որ պատրաստվում է ՀՀ-ում ներդրում անել, այս ելույթները լսելուց հետո զերծ կմնար որևէ ներդրում անելուց: Ըստ նրա՝ գործընկերների ելույթները բավականին հեռու են արտադրության ոլորտի իրական պատկերից:

Գ.Արսենյանը մերժեց պնդումը, որ այս օրինագծի հետևանքով հայկական շուկան կողողվի ռուսական անորակ ապրանքով: Նա նշեց, որ ծխախոտի ոլորտում ցանկացած հարկի ավելացում բոլոր երկրներում դրվում է սպառողի վրա: Նշելով, որ ՀՀ-ն եզակի երկրներից է, որտեղ ծխախոտը օրինական ձևով ամենաէժանն է՝ 80 ցենտ, մինչդեռ այլ երկրներում այն բավականաին թանկ է, Եվրոպայում 3-6 դոլար, Գ.Արսենյանը ողջունեց կառավարության կողմից ծխախոտի թանկացումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս