Բաժիններ՝

Տարածաշրջանում նախորդ շաբաթ գրանցվել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ

Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հոկտեմբերի 22-28-ը ընկած ժամանակահատվածում տարածաշրջանում գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 6 երկրաշարժ:

ՍՊԾ գործակալության փոխանցմամբ` հոկտեմբերի 22-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 46 կմ դեպի արևմուտք, տեղի է ունեցել 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.5) երկրաշարժ: Այդ օրը նույն ուժգնությամբ (մագնիտուդ 2.4) ստորգետնյա ցնցում է գրանցվել Վրաստանի Հիրսա քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևմուտք:

Հոկտեմբերի 24-ին Թուրքիայի Վան քաղաքից 36 կմ հյուսիս-արևմուտք գտնվող էպիկենտրոնով երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3-4 բալ (մագնիտուդ 2.8): Հոկտեմբերի 26-ին Ադրբեջանում տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.0) երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Թովուզ քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևելք: Նույն օրը 3 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3) ստորգետնյա ցնցում է գրանցվել Իրանի Խոյ քաղաքից 7 կմ դեպի հարավ-արևելք: Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած 3-4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.7) երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Վրաստանի Դմանիսի քաղաքից 25 կմ դեպի արևմուտք:

Տարածաշրջանից դուրս հոկտեմբերի 26-ին 7.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանի հյուսիսարևելյան մասում (Հինդիկուշ)՝ մայրաքաղաք Քաբուլից 254 կմ դեպի հյուսիս-արևելք: Երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 360 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 2000-ը: Ավելի շատ զոհեր (200 մարդ) և վիրավորներ (1500 մարդ) գրանցվել է սահմանակից Պակիստանում: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են Հարավային Ասիայի երկրներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս