Կառավարությունը հաստատեց հ/կ-ների մասին և հարակից օրենքների փաթեթը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ «Հասարակական կազմակերպությունների մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:
«Անկասկած, բոլորս էլ ընդունում ենք, որ հասարակական կազմակերպությունների ազատ և արդյունավետ գործունեության համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը հասարակության կայուն զարգացման համար կարևոր նախադրյալ է: Ես ուզում եմ հիշեցնել այս նախագծերի փաթեթի պատմությունը, որը բավական երկար ճանապարհ է անցել և այսօր ձեր քննարկմանն է ներկայացվում՝ իր մեջ մի շարք փոփոխություններ արդեն պարփակող տեսքով: Մասնավորապես, 2009թ. սեպտեմբերին ՀՀ կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացվել էր մի փաթեթ, որտեղ նախատեսվում էր մի շարք վերահսկողական գործիքների կիրառում, և սա առաջացրել էր հասարակական կազմակերպությունների մտահոգությունը և դժգոհությունը: Արդյունքում՝ ստեղծվեց նախաձեռնող խումբ, որն իր շուրջ համախմբում էր շուրջ 300 հասարակական կազմակերպությունների, որի նպատակն էր, փաստորեն, ավարտին հասցնել և ըստ էության իր մեջ ամփոփել հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության բոլոր ներկայացուցիչների մտահոգությունները փարատող օրենքների նախագծերի փաթեթ:
Փաստորեն, կառավարության հաստատմանը ներկայացվեց քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների հայեցակարգ, որի առջև դրվեցին մի քանի խնդիրներ: Այդ խնդիրներն էին հատկապես՝ ֆինանսական կայունության ապահովումը, կամավորության ինստիտուտի հստակ օրենսդրական սահմանը, հաշվետվողականությունը, հանրային վերահսկողությունը, և այլն»,- ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ նշելով, որ այժմ ներկայացվող նախագծով, որը քննարկված է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, առաջարկվում են հետևյալ լուծումները՝ կատարելագործել հասարակական կազմակերպությունների ստեղծման, կառուցվածքի ձևավորման, կառավարման մարմինների կազմավորման և գործունեության կազմակերպման համակարգը, հասարակական կազմակերպություններին ընձեռել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք և հնարավորություն, առցանց հասարակական կազմակերպությունների գրանցման հնարավորություն:
Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հասարակական կազմակերպությունների գրանցումը, գործող օրենքի համաձայն՝ տևում է 21 օր, նոր օրենքով համապատասխան նմուշներով գրանցումը կատարելու արդյունքում այն կտևի 2 օր: Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ որոշակի տարանջատում են անցկացրել. հանրային միջոցներից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների հաշվետվողականության համար, և նրանք որոշակի պարտականություն ունեն իրենց կայքում հրապարակել հաշվետվությունը, իսկ մյուս կազմակերպությունների համար պահպանվել է ներքին հաշվետվողականության սկզբունքը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ ՀՀ կառավարությունը, կարևորելով քաղաքացիական հասարակության դերը ժողովրդավարության զարգացման գործում, հաշվի առնելով հանրային քննարկումները, ինչպես նաև՝ մասնագիտական հետազոտությունների ընթացքում ներկայացված առաջարկները, ներկայացնում է այս նախագիծը՝ որպես քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների ծրագիր: Նա առանձնացրեց մի քանի նորամուծություններ: