«Դուք տանձից, խնձորից, մանդարին, վարունգ, պոմիդորից խոսացեք». Նիկոլ Փաշինյանը՝ իշխանություններին

Հայաստանի անձնագրային ոլորտում, ինչպես և այլ ոլորտներում, խառնաշփոթ է տիրում: Այս մասին այսօր ԱԺ նիստում ՀՀ ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց, որ ՀՀ-ում կա երեք անձնագիր՝ սովորական անձնագիրը, նույնականացման քարտը և կենսաչափական անձնագիրը, ՀՀ ընտրական համակարգը կառուցվել է սովորական անձնագրերի վրա, որովհետև ընտրական օրենսդրությունը ելել է այն կանխավարկածից, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ունենա անձնագիր: Բայց այս վերջին 2 տարիների ընթացքում, նշեց Ն.Փաշինյանը, ԸՕ-ը ենթարկվել է այնպիսի փոփոխությունների, որ հնարավորություն է տվել քաղաքացուն չունենալ սովորական անձնագիր և փոխարենն ունենալ նույնականացման քարտ ու կենսաչափական անձնագիր, բայց ընտրելու իրավունք տրվում է միայն սովորական անձնագրով: Ն.Փաշինյանի խոսքով՝ արդյունքում ՀՀ-ում 182 հազար մարդ զրկվել է քվեարկելու իրավունքից: Ն.Փաշինյանի բնորոշմամբ այս իրավիճակը տեղով անեկդոտ է, որովհետև սա ցույց է տալիս, որ ՀՀ-ում աջ ձեռքը չգիտի, թե ձախ ձեռքն ինչ է անում, և նույնիսկ ձախ ձեռքն էլ չգիտի, թե ինքն ինչ է անում:

«Բա էս օրենքը, որ զրկել են մարդկանց իավունքից, կառավարությունն ընդունել է, եկել է Ազգային ժողով, հավասար զգաստով դակել ենք, անցել է: Բա որ օրենքները բերում եք 24 –ժամյա ռեժիմով, հրատապ, անհետաձգելի, հայբուդուր, եթե չընդունենք աշխարհի վերջն է, բա է՛ս է՝ ձեր օրենսդրական, մե՛ր օրենսդրական գործեունեության արգասիքն է: Բա անեկդոտն էլ պոզով պոչով է՞ լինում»,- ասաց Ն.Փաշինյանը:

Ըստ նրա՝ հիմա ՀՀԿ-ն որոշել է այս իրավիճակը լուծել, բայց ունքը սարքելու փոխարեն աչքն են տալիս հանում՝ առաջարկելով նույնականացման քարտերով մարդկանց քվեարկելու հնարավորություն տալ. «Թվում է, թե նորմալ է, բայց այս հանգամանքով վերացվում է կրկնաքվեարկությունը բացառելուն ուղղված մի կարևոր օրենսդրական մեխանիզմ՝ մարդը քվեթերթիկը քվեատուփ գցելուց առաջ իր անձնագրում դրոշմակնիք է ստանում, որ երբ հաջորդ անգամ գա, չկարողանա քվեարկել: Այսինքն՝ էսօրվա մեր օրենսդրությամբ քվեարկած և չքվեարկած քաղաքացիների անձնագրերն իրարից տարբերվում են, իսկ այս օրենքով չեն տարբերվի: Եթե սրա կարիքը ընդհանրապես չկար, է, էն ժամանակ չընդունեիք այդ դրոշմակնիքի առկայությունը: Էն ժամանակ տոնում էիք, հիմա ասում եք՝ թող չտարբերվի: Ու տեսականորեն միջանցք է բացվել, որ կրկնաքվեարկություն տեղի ուննա ու սա շատերին հասկանալիորեն հիմք է տալիս պնդելու, որ ՀՀԿ-ն իր համար կրկնաքվեարկության բազա է ստեղծում»:

Կարդացեք նաև

Պատգամավորը նշեց, որ դա ՀՀԿ-ն հերքում է, բայց պետք է մտածել մեխանիզմ՝ բացված միջանցքը փակելու համար, և կան տարբերակներ, որոնք ժամանակ ու մեծ ջանք ու միջոցներ չեն պահանջում, օրինակ՝ մատները թանքոտելու միջոցն է, բայց օրինակ է բերվում Վրաստանն ու Հնդկաստանը, որտեղ իբրև թե հետևանքները լավ չեն եղել. «Գոնե ուրիշ երկրների անուններ տայիք: Հնդկաստանը համարվում է աշխարհի ամենամեծ ժողովրդավարական պետությունը, Վրաստանում էլ վերջին 12 տարում 2 անգամ իշխանափոխություն է եղել: Ահա այն վատ հետևանքը, որի դեմ պայքարում է Հանրապետականը»:

Ն.Փաշինյանը նկատեց, թե ասում են՝ մարդկանց հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են մատները թանաքոտեք, ու հակադարձ հարցը հնչեցրեց՝ հարցրե՞լ եք՝ ուզո՞ւմ են ԱԱՀ կամ եկամտահարկ տան, թե՞ չտան, ուզո՞ւմ են ձեզ ընտրեն, թե՞ չէ. «Խի՞ եք ընտրութուն նշանակում: Մարդկանց հարցնեք, կասեն՝ հոգնել ենք ձեր ընտրությունից էլ, ձեզնից էլ բոլորից ու անհատապես յուրաքանչյուրից: Ու հետո խոսում եք պոպուլիզմից: Դուք տանձից, խնձորից, մանդարին, վարունգ, պոմիդորից խոսացեք»:

Պատգամավորը հիշեցրեց, թե ինչպես է Հովհաննես Սահակյանը՝ իշխանական պատգամվորն իրեն՝ Նիկոլ Փաշինյանին անվանել ազնիվ պատգամավոր. «Պարոն Սահակյան, մենք ի՞նչ ազնիվ, բոլոր ազնիվ պատգամավորները հավաքվել են ձեր խմբակցությունում, բոլոր հնարավոր: Ես ձեր իշխանության տարիներին 2 անգամ դատվել եմ քրեական հանցանքներ կատարելու համար, 1 տարի 4 ամիս եղել եմ հետախուզության մեջ, 2 տարու մոտ էլ եղել եմ բանտում: Ո՞նց ա ձեր լեզուն պտտվում: Ազնիվը դուք եք, ձեր խմբակցությունն է, ձեր կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանն է, ձեր խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանն է, որի ջանքերով ինձ 3 տարվա ազատազրկման են դատապարտել»:

Տեսանյութեր

Լրահոս