
Վրաստանի խորհրդարանը որոշել է «ձգել» բարձրաստիճան պաշտոնյաների գոտիները

Վրաստանի խորհրդարանի պատգամավորներն առաջին ընթերցմամբ հավանության են տվել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծին, որը նախատեսում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևավճարների սահմանափակում, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Եթե Վրաստանի խորհրդարանը վերջնականապես հաստատի օրինագիծը, փոփոխությունները կվերաբերեն 25 բարձր աստիճան ունեցող մինչև 800 պաշտոնյայի, այդ թվում՝ խորհրդարանի անդամներին, նախարարներին, պետական նախարարներին, նրանց տեղակալներին:
Օրինագծին կից բացատրության մեջ նշվում է, որ այդ դրամական միջոցները կուղղվեն այլ նպատակների իրականացմանը ու «կաջակցեն Վրաստանի կառավարության հրապարակային հայտարարությանը, այն է՝ իրականացնել «գոտիներ ձգելու քաղաքականություն»:
Փոփոխությունները չեն վերաբերի միջին ու ավելի ցածր աստիճանի պետծառայողներին:
Օրինագծի հեղինակն է իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավոր Զախարի Կուցնաշվիլին: