«Մենք պետք է դասադուլներ ու գործադուլներ անենք, դուրս գանք փողոց». Զարուհի Փոստանջյան

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը վստահ է, որ դեկտեմբերի 6-ին հանրությունը պետք է չմասնակցի սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նրա խոսքով՝ պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները, որպեսզի մարդիկ դեկտեմբերի 6-ին ընտրատեղամասեր չգնան:

Զ. Փոստանջյանը վստահ է՝ իշխանությունները հանրաքվեի կայացման համար անհրաժեշտ թվաքանակը չեն ունենալու. «Նրանք, պարզ է, գնալու են կեղծումների, իսկ մենք էլ մեր հերթին՝ պետք է անհնազանդություն ցուցաբերենք: Մենք պետք է դասադուլներ ու գործադուլներ անենք, դուրս գանք փողոց: Անհանդուրժողականության դրսևորումը, ի վերջո, պետք է հանգեցնի իշխանական մարմինների փոփոխության և օրինական նոր մարմինների ձևավորման»:

Նրա խոսքով՝ նոյեմբերի 1-ից մեկնարկելու են իրենց մարզային այցելությունները, որոնց ժամանակ բոլոր հնարավոր միջոցներով փորձելու են հորդորել ՀՀ քաղաքացիներին՝ չմասնակցել մոտեցող հանրաքվեին: Նա նշեց նաև, որ «իշխանությունն իր ձեռքում կեղծումներ անելու մեխանիզմներ ունի», իրենք նախապես գիտեն, որ «Սերժ Սարգսյանի իշխանությունը երկարաձգելու համար կեղծիքներ են կիրառվելու, ընտրացուցակներ են ուռճացվելու»:

Անդրադառնալով նրան, որ ՀԱԿ-ն էլ կոչ է անում մասնակցել հանրաքվեին ու «ոչ» քվեարկել՝ Զ. Փոստանջյանն ասաց, որ իրենք հարգում են ՀԱԿ-ի այդ տեսակետը, բայց չեն կիսում, քանի որ կարծում են, որ այս ամբողջ գործընթացը պետք է մերժվի:

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի պետ Ժիրայր Սէֆիլյանը նշեց, որ դեկտեմբերի 6-ին ընդառաջ՝ ժողովուրդը պետք է համախմբվի, ու «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի «Ընդդիմության միասնական շտաբի» իրազեկումների առաջնային նպատակը պետք է լինի՝ ի հայտ բերելու մարդկանց այն շերտը, որը պատրաստ է ընդդիմանալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:

Ժ. Սէֆիլյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի 1-ին հանրահավաք է պլանավորված Գյումրիում, նոյեմբերի 4-ին՝ Վանաձորում: Նա հայտնեց նաև, որ վաղը կհայտարարեն շտաբի առաջիկա շաբաթվա գրաֆիկը: Նա հույս հայտնեց, որ ՀԱԿ-ի հետ համագործակցության օղակը կընդլայնվի և ավելի կամրանա, քանի որ, նրա խոսքով՝ այս ռեժիմի դեմ պայքարում իրենք միասնական են: «Իհարկե, մարտավարական տարաձայնություններ կան, սակայն հույս ունեմ՝ մինչև դեկտեմբերի 1-ն այդ տարաձայնությունները կվերանան: Կարծում եմ՝ նրանք կմասնակցեն դեկտեմբերի 1-ին կազմակերպվելիք անհնազանդության մեր միջոցառմանը»,- նշեց Ժիրայր Սեֆիլյանը:

Տեսանյութեր

Լրահոս