Թուրքիայում ոստիկանությունը գրոհել է 2 ընդդիմադիր հեռուստաալիքների գրասենյակները
Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում գրոհով վերցրել է 2 ընդդիմադիր հեռուստաալիքների՝ Bugün-ի ու Kanaltürk-ի գրասենյակները, հայտնում է Reuters-ը:
Երկու հեռուստաալիքներն էլ ընդգրկվել էին Koza-Ipek հոլդինգի կազմում, որը պատկանում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մրցակից, իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին:
Իրավապահների գործողություններին փորձել են խոչընդոտել 500 ցուցարարներ, ովքեր հավաքվել էին հոլդինգի շենքի մոտ, հայտնում է Hürriet Daily News-ը:
Ոստիկանությունը կալանավորել է մի քանի մարդու, այդ թվում՝ Bugün հեռուստաալիքի լրագրողին:
«Դա պարզապես անթույլատրելի է: Առաջին հայացքից, սա ճնշում է միայն մամլուլի վրա, սակայն իրականում դա ճնշում է՝ գործադրված ողջ հասարակության նկատմամբ»,- հայտարարել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը:
Անկարայում ԱՄՆ դեսպանությունն անհանգստություն է հայտնել իրավապահների գործողությունների նկատմամբ:
Սեպտեմբերին խուզարկություններ էին կատարվել հոլդինգի ընկերություններում, մասնավորապես Bugün-ի ու Kanaltürk-ի գրասենյակներում: Ընդհանուր առմամբ, 1948թ. ստեղծված Koza-Ipek-ում ընդգրկված է 22 ընկերությւոն: