ՀՀ կառավարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կվճարեն սուբսի­դիաներ՝ 6,93 դրամի չափով

ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություններ մտցվեցին 2015թ. օգոստոսի 31-ի №1030-Ն որոշման մեջ: Ըստ այդ փոփոխության՝ 2015թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2016թ. հուլիսի 31-ը ժամանակահատվածում՝ ՀՀ կառավարությունը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (յուրաքանչյուրը հավասար չափով) սպառած էլեկտրական էներգիայի դիմաց՝ ամսական մինչև 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների ու 0.38 կՎ և ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կվճարեն սուբսի­դիաներ՝ 6,93 դրամի չափով:

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասաց, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2015թ. հունիսի 17-ի որոշմամբ օգոստոսի 1-ից էլեկտրական էներգիայի սակագները բարձրացվեցին 6,93 դրամ/կՎտժ չափով: Նրա խոսքով՝ ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը խորհրդակցության արդյունքներով առաջարկեց անցկացնել ուսումնասիրություն, որը կպատասխանի թե ինչքանով է հիմնավորված սակագնի բարձրացումը և որ սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի վտանգներ են սպասվում էներգետիկ համակարգին: Իսկ մինչև խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը՝ փոխհատուցել սակագնի բարձրացումը:

Նրա խոսքով՝ «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ընկերությունը ՀՀ կառավարությանն է ներկայացրել առաջին փուլի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որով հիմնավորված է համարել սակագների բարձրացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:

Տեսանյութեր

Լրահոս