«Շատ խիստ եմ լինելու». Հովիկ Աբրահամյան
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության արժանացավ ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու միասին որոշման նախագիծը: Այն կառավարության նիստում ներկայացնող քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն ասաց, որ խոսքն ըստ էության վերաբերում է շինարարության ավարտական ակտի և շահագործման թույլվության տարանջատմանը: «Շահագործման թույլվության գործընթացի ներմուծմամբ ավելի դյուրացվում է և կարգավորվում է Հայաստանի տարածքում բազմաթիվ անավարտ բազմաբնակարան և ստորաբաժանված շենքների նկատմամբ իրավունքների օրինական ձևակերպման և նրանց հետագա կառուցման ու ավարտման աշխատանքները»,- ասաց Նարեկ Սարգսյանը՝ խնդրելով երկու օր ժամանակ տրամադրել:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ իր մոտ խորհրդակցություն է անցկացվելու այս թեմայով. «Ես բազմաթիվ տեղեկատվություններ եմ ստանում՝ այդ ավարտական ակտերը ստանալու համար ինչ-որ խնդիրներ են հարուցվում համապատասխան գերատեսչության ղեկավարների կամ աշխատակիցների կողմից: Եվ ընդհանրապես այս մասով մենք մի քանի անգամ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ նման որևէ հարց պիտի չառաջանա: Դրա համար ևս մեկ անգամ բոլորի ուշադրությունը խնդրում եմ հրավիրել, և շատ խիստ եմ լինելու, հիմա ուսումնասիրում եմ այդ տեղեկատվությունների իսկությունը, եթե, իրոք, իրականությանը համապատասխանեց, ապա նման մարդիկ մեր շարքերում տեղ չեն ունենալու»: