«Մի կողմը մերս, մի կողմը՝ տղես». թոռը մեղադրվում է գործարար տատին սպանելու, դին այրելու մեջ
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց գործարար Սիլվա Գալստյանի սպանության գործի քննությունը: Սպանության մեջ մեղադրվում է Սիլա Գալստանյանի թոռը՝ Ալբերտ Մոմջյանը:
Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա ժամանակավորապես բնակվելով իր տատ Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատ Ս. Գալստյանին ու վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերն իր մեքենայով Ս. Գալստյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել»:
Դատական նիստի ընթացքում այսօր հրապարակվեցին գործով երեք վկաների՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, հետազոտվեցին գործի նյութերը, ինչպես նաև՝ իրեղեն ապացույցները:
Ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանի մայրը նախաքննության ընթացքում հայտնել էր, որ նախկինում որդին բնակվել է իր հետ, սակայն հետագայում հայրը նրան կանչել է իր մոտ, իր և որդու հարաբերությունները եղել են նորմալ, նրա հետ հաճախ է շփվել: Ամբաստանյալի մայրը հայտնել էր, որ որդու տեղափոխման որոշումը կայացրել էր նրա հայրը, չգիտի՝ ինչ պատճառով, սակայն իր կարծիքով՝ տեղափոխությունը կատարվել էր դաստիարակչական նպատակներով, քանի որ իր խոսքերին որդին նշանակություն չի տվել:
«Ինքը ապրում է և շնչում է տատիկի և հոր օդով, այսինքն՝ իր հոր և տատիկի՝ Սիլվա Գալստյանի հետ շատ մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվում»,- ամբաստանյալի մոր նախաքննական ցուցմունքը հրապարակեց դատավորը: Ամբաստանյալի մայրը հայտնել էր, որ 2014թ. սեպտեմբերի 16-ին Սիլվա Գալստյանի խանութի աշխատակցի հետ զրույցի ընթացքում տեղեկացել է, որ Սիլվա Գալստյանն իր տանը չէ, և նրան բոլորը փնտրում են: Քննիչի հարցին, թե ովքեր են եղել որդու ընկերները, ում հետ է նա շփվել, ամբաստանյալի մայրը պատասխանել էր, որ որդու ընկերներին չի ճանաչում, չգիտի, թե նա ում հետ է շփվում, քանի որ որդին ներփակված տղա է և իր հետ չի կիսվել: Հարցին՝ արդյոք որդին մոլախաղերի, թմրամիջոցներ կամ ալկոհոլային խմիչքներ օգտագործելու հակումներ ունեցե՞լ է, թե՞ ոչ, ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանի մայրը պատասխանել էր, որ նա ո՛չ ծխախոտի, ո՛չ թմրամիջոցների, ո՛չ խմիչքի հակում չի ունեցել, չգիտի՝ խաղադրույքներ կատարե՞լ է, թե՞ ոչ, մոլախաղերի հակում չի ունեցել: Նշենք, որ ՀՀ Քննչական կոմիտեն, որտեղ քննվել է քրեական գործը, հաղորդագրության մեջ նշել էր, որ նախնական քննության տվյալներով՝ ամբաստանյալն ունեցել է խաղամոլի հակումներ, տարբեր բուքմեյքերական գրասենյակներում կատարել խաղադրույքներ, մեծ գումարներ տանուլ տվել, պարտքեր կուտակել, որոնց մեծ մասը մարել է հայրը:
Իսկ այն հարցին՝ արդյոք որդին որևէ մեկի հետ թշնամական հարաբերություններ ունեցե՞լ է, թե՞ ոչ, որևէ մեկի հետ պարտքուպահանջի խնդիրներ ունեցե՞լ է, թե՞ ոչ, ամբաստանյալի մայրը պատասխանել է, որ իր իմանալով՝ որդին թշնամիներ չի ունեցել, որևէ մեկի հետ պարտքուպահանջ չի ունեցել: Քննիչի հարցին՝ արդյոք հնարավո՞ր է՝ Ալբերտ Մոմջյանն առնչություն ունենա տատի անհետացմանը, Ալբերտ Մոմջյանի մայրը պատասխանել էր. «Ոչ միանշանակ, քանի որ նա իր տատիկին ավելի շատ էր սիրում, քան ինձ, որովհետև նա միշտ ինձ ասում էր, որ իր համար ոչինչ չեմ արել, միայն իր տատիկն ու հայրն են արել ամեն ինչ իր համար»: Լրացուցիչ հարցաքննության ընթացքում ամբաստանյալի մայրն ասել էր, որ մի անգամ Սիլվա Գալստյանը զանգահարել է Ոստիկանություն և հայտնել, որ Ալբերտ Մոմջյանը «փախցրել է» իր մեքենան:
Լրացուցիչ հարցաքննության ընթացքում ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանի մայրը հայտնել էր, որ քաղաքային հեռասահամարից զանգահարել է որդին, որի ընթացքում որդին հայտնել է, որ հայրը կզանգահարի իրեն և գումար կտա: Մայրը հայտնել էր, որ որդին այդքանն է հայտնել, ինքը նրան այլ բան չի հարցրել, քանի որ որդին արագ-արագ ասել է իր ասելիքն ու անջատել: Որդին այդ ժամանակ ձերբակալված է եղել, երբ նրան հանձնուք է փոխանցել, զանգահարել է որդու հայրը՝ իր նախկին ամուսինը, պայմանավորվել են հանդիպել, որի ընթացքում իր հարցին, թե ինչպես է, նախկին ամուսինը պատասխանել է՝ ինչպես պետք է լինի. «Մի կողմը՝ մերս, մի կողմը՝ տղես, ու հուզվեցինք միասին»: Ամբաստանյալի մայրը հայտնել էր, որ նախկին ամուսինը տոպրակ է դրել մեքենայի մեջ, որն ավելի ուշ բացելով՝ տեսել է, որ դրանցում ԱՄՆ դոլարներ էին, սակայն ինքը դրանք չի հաշվել: Ըստ նրա ցուցմունքի՝ զանգահարել է որդին, հետաքրքրվել՝ արդյոք վերցրե՞լ է գումարը, և ասել, որ կասի, թե ինչ պետք է անել: Հետագայում ոստիկաններին ինքը հայտնել է, որ պատրաստ է կամավոր ներկայացնել այդ գումարը: Քննիչի հարցին՝ արդյոք ինքը գիտե՞ր՝ ինչի համար էր այդ գումարը, ամբաստանյալի մայրը պատասխանել էր, որ չգիտեր, թե ինչի համար էր այն: Նշենք, որ ՀՀ ոստիկանության տարածած տեսագրության մեջ նշվում է, որ ձերբակալվելուց հետո տատի դիակի տեղն ասելու համար որդին հորից 200 հազար դոլար է պահանջել, որից հայրը տվել է 170 հազար դոլարը: Ի դեպ, այն ի պահ է հանձնվել նրա հորը, ով գործով ներգրավված է՝ որպես տուժողի իրավահաջորդ:
Ամբաստանյալի ընկերուհին ցուցմունք էր տվել, որ Facebook սոցիալական կայքի միջոցով սկսել է շփվել Ալբերտ Մոմջյանի հետ, ում վաղ տարիքից է ճանաչել, իրենց հարաբերությունները զարգացել են, սկսել են ընկերություն անել: Ալբերտ Մոմջյանին նա բնութագրել էր՝ որպես հանգիստ ու զուսպ բնավորությամբ անձ, միշտ ասել է, որ տատն իրեն շատ է սիրում: Նա նշել էր, որ իմացել է, որ Սիլվա Գալստյանի անհետացման դեպքի հետ կապված՝ ձերբակալվել է Ալբերտ Մոմջյանը, սակայն չի հավատում, որ վերջինս նման քայլ է արել, քանի որ նա տատիկի հետ լավ հարաբերությունների մեջ է եղել, բացի այդ՝ դեպքից հետո զանգահարել է իրեն և ասել, որ անմեղ է, նման հանցագործություն չի կատարել: Լրացուցիչ հարցաքննության ընթացքում, սակայն, վկան նշել է, որ խզել է կապն Ալբերտ Մոմջյանի հետ, չի ցանկանում նրան տեսնել, խնդրում է այնպես անել, որ նրան ընդհանրապես չտեսնի:
Դատարանում հետազոտվեցին իրեղեն ապացույցները, այդ թվում՝ տուժողի գիշերազգեստը, ամբաստանյալ Ալբերտ Մոմջյանի եղնգային կտրվածքները, բարձի երեսից կտրված 3 կտորները, «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայի հետին նստատեղից ցած ոտնատակի երկու գորգերը, և այլն:
Նյութերի հետազոտության ընթացքում հրապարակվեց նաև դատվածության տեղեկանք, որի համաձայն՝ Ալբերտ Մոմջյանը նախկինում դատապարտված, այլ կերպ արատավորված չէ: ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ից ստացվել էր իրազեկում, որի համաձայն՝ Ալբերտ Մոմջյանի աջ ուսին, կրծքավանդակին, դաստակներին եղել են քերծվածքներ և վերքեր: Հրապարակվեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ նրա ստացած վնասվածքները՝ բազմաթիվ քերծվածքների, ճանկռվածքների ձևով, պատճառվել են համեմատաբար սուր ծայր կամ եզր ունեցող առարկայով կամ գործիքով, այդ թվում՝ եղունգներով, հնարավոր է՝ գործի հանգամանքներում նշված ժամանակում, դրանք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Ըստ փորձաքննվողի՝ ռեստորանի մոտակայքում վիճաբանել է երկու անձի հետ, որի ընթացքում իրեն քաշքշել, ճանկռել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, դեպքից հետո բուժօգնության չի դիմել: Լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության հետևություններ բաժնում էլ նշվում էր, որ չի բացառվում՝ նրա վնասվածքներն առաջացած լինեն դիմադրության արդյունքում:
Տուժողի դիակի դատաբժշկական փորձաքննության հետևություններ հատվածում նշվել է, որ կապված դիակի ածխացման, ներքին օրգանների բացակայության, ինչպես նաև՝ կենդանիների կողմից դիակի հոշոտման հետ, մահվան ստույգ պատճառը որոշել հնարավոր չէ, սակայն նրանից, որ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է ենթալեզվային ոսկրի աջ եղջյուրի կոտրվածք՝ շրջակա փափուկ հյուսվածքների արյունազեղումներով, կարելի է ենթադրել, որ մահվան պատճառ կարող էր հանդիսանալ մեխանիկական շնչահեղձությունը՝ պարանոցը սեղմելու միջոցով:
Դատական նիստը կշարունակվի նոյեմբերի 4-ին. նիստի ընթացքում կհարցաքննվի ամբաստանյալը: