«Միայն 2014 թվականին 3,1 մլրդ դրամ տուգանք է վճարվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար». Էդմոն Մարուքյան
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի այսօրվա հայտարարությունը ԱԺ-ում.
«Ընթացիկ ամսվա կեսերին խորհրդարանն ստացել է Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այն մեր կողմից մանրամասն ուսումնասիրության է ենթարկվել և այստեղ կցանկանայի ընդգծել որոշակի հանգամանքներ.
Միայն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դրամն արժեզրկվել է 13,8%-ով: Բյուջեի նախագծով 2016 թվականին 4% գնաճ է նախատեսվել: Ընդ որում, սրանք միայն պաշտոնական թվերն են: Ավելին, նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում, ինչն ազդելու է նաև մասավոր սեկտորի վրա: Շեշտակի կրճատվել է արտաքին առևտուրը և դրա մակարդակի զգալի բարձրացում տեսանելի ապագայում չի նախատեսվում: Մինչդեռ, վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիաների ընդհանրապես և դրանցից ամենահաճախակին կիրառվող՝ ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքների կրճատում չի նախատեսվել:
Այստեղ անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ թե՛ հանցագործության, թե՛ վարչական իրավախախտման համար նախատեսված սանկցիայի առաջնային նշանակությունը ոչ թե պատժելն է, այլ նախականխումը: Ավելին, հայտնի փաստ է, որ կանխարգելման համար առաջնային նշանակություն ունի ոչ թե պատժի խստությունը, այլ դրա անխուսափելիության գիտակցումը: Այսպիսով ակնհայտ է, որ կանխարգելման համար ավելի նվազ չափի տուգանքն էլ բավարար է:
Օրինակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով՝
- Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 5-ապատիկի չափով:
- Երթևեկության սահմանված արագությունը 11-30կմ/ժ-ով գերազանցելն առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր գերազանցված կմ/ժ արագության համար նվազագույն աշխատավարձի 150%-ի չափով: Ընդ որում, Վրաստանում արագության գերազանցման թույլատրելի չափը 20կմ/ժ է, մեզ մոտ՝ 10:
Միայն 2014 թվականին 3,1 մլրդ դրամ տուգանք է վճարվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար:
Գոյություն ունեցող պայմաններում քաղաքացիների՝ հաճախ անգամ առաջնային կարիքները բավարարելու համար չբավականացնող միջոցները նրանցից գանձելը որևէ կերպ չի կարող արդարացվել:
Մեր կողմից մշակվել է օրենքի նախագիծ, որով առաջարկվող փոփոխությունները հիմնականում կրկնակի չափով կրճատում են գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում տեղ գտած՝ առավել հաճախ հանդիպող և նվազ հասարակական վտանգավորություն ունեցող ճանապարհատրանսպորտային բնագավառի վարչական իրավախախտումների համար նախատեսված տուգանքները: Կոչ եմ անում իմ բոլոր գործընկերներին միանալ այս նախագծին»: