
«Այսօր ես մեկ հատ լավ նորություն ունեմ հայտնելու, մեկ հատ էլ վատ». Թևան Պողոսյան

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի հայտարարությունը ԱԺ հայտարարությունների ժամին.
«Այսօր ես մեկ հատ լավ նորություն ունեմ հայտնելու, մեկ հատ էլ վատ: Ըստ ժանրի կանոնների, այստեղ պիտի հարցնեի, թե որից սկսեմ, բայց կսկսեմ վատից:
Ուրեմն վատ նորությունը: Մենք բոլորս՝ պատգամավորներով, իշխանություններով, ընդդիմությունով, պահպանողականներով, ազատականներով, թայֆայականներով, ինստիտուցիոնալներով, շատ ելույթ ունեցողներով կամ միայն կնոպկա սեղմողներով, այսինքն բոլորով միասին մեր ժողովրդին հետաքրքիր չենք: Ընդհանրապես հետաքրքիր չենք: Անշուշտ սա շատ դրական երևույթ կլիներ, եթե Հայաստանը լիներ բարեկեցիկ արևմտյան երկրներից մեկը. այնտեղ նման երևույթներն ավելի քան բնական են: Իսկ մեզ մո՞տ… իսկ մեզ մնում է ձև անել, իբր քաղաքական գործիչների ու ուժերի հետևում սատարող հոծ ժողովուրդ կա և ինչքան հնարավոր է բարձր խոսել ժողովրդի անունից, ժողովրդի համար: Ճիշտ այն պատմության նման, երբ պապը թոռանը վստահեցնում էր, որ դևն իրեն կերել է: Բա հո ուրիշ բան չէ՞ր կարող ասել:
Հիմա լավ նորությունը: Տարիների ընթացքում մենք հաջողությամբ ավիրել ենք ամեն ինչ, ինչին կարելի է վստահել, այդ թվում և սոցիոլոգիան: Այսօր արդեն ոչ ոք ոչ ոքի չի թողնի հավատալ նույնիսկ ամենահավաստի սոցիոլոգիական հետազությունների արդյունքներին: Հավատացողը դավաճան է սկզբունքով: Այստեղից բխում է իմ այսօրվա լավ լուրը. այն է՝ ոչ ոք չի կարող ապացուցել իմ նշած վատ լուրը և հետևաբար ոչ ոք ըստ էության չգիտի դրա մասին:
Այս երկու նորություններից հետևում է մեկ տրամաբանական եզրահանգում. բոլորն իրավունք ունեն խոսել ժողովրդի անունից, ինքնվստահ կամ ուժեղ լինել ժողովրդի ուժով, անսխալական համոզված ներկայանալ գալիք հանրաքվեի և ընտրությունների արդյունքներով:
Սա իրականություն է. իրականություն, որ ծնունդ է ժխտողականության, մեծամտության, եսակենտրոնության ու ինքնասի¬րա¬հարվածության, որոնք տարիներ շարունակ քաղաքական դաշտն ուղղել է դեպի հասարակություն ու հիմա լիուլի հետ է ստանում:
Ահա այսպիսի ոչ կառուցողական խոսք ստացվեց այսօր մոտս, որ արդյունքն է վերջին օրերի ընթացքում կոստյում չհագնող մարդկանց հետ իմ շփումների»: