Բաժիններ՝

Ադրբեջանում քննադատական ձայների ճնշումն ընտրությունների նախօրեին չափազանց տխուր է. Իզաբել Սանտոս

Ադրբեջանի կառավարության կողմից քննադատական ձայների ճնշումը չափազանց բացասական ազդեցություն է ունենում նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների անցկացման վրա:

Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով հանձնաժողովի նախագահ Իզաբել Սանտոսը:

«Գիտահետազոտական միավորման դեկավար Անար Մամեդովը չի կարող ընտրությունների մոնիտորինգ անցկացնել բանտից, լրագրող Խադիջա Իսմայիլովան չի կարող գրել՝ բանտարկված լինելու պատճառով:
Ինտիգամ Ալիևը, Ռասուլ Ջաֆարովը, Լեյլա Յունուսն ու մյուս իրավապաշտպաններն ու կառավարության քննադատներն Ադրբեջանում դարձել են քաղբանտարկյալներ: Այդ գործընթացը շարունակվում է:

Խորհրդարանական ընտրությունների նախօրեին, երբ կարևոր են քննադատական ձայները՝ բանավեճերի ու երկրի հետագա ճանապարհի որոշման համար, Ադրբեջանի քաղաքացիները տառապելու են այն լռությունից, ինչը գործադրել է երկրի կառավարությունը»,- ասել է Սանտոսը:

Նա նաև անհանգստություն է հայտնել՝ կապված բանտարկված Իլգար Մամեդովին ծեծելու լուրերի հետ, որը 7 տարով ազատազրկվել է կեղծ մեղադրանքով:

Ես կոչ եմ անում Ադրբեջանի ղեկավարներին՝ համագործակցել իրենց քաղաքացիների ու միջազգային հանրության հետ բաց ու անկեղծ երկխոսության տեսքով՝ նպատակ ունենալով երկիրը դարձնել մարդու իրավունքների ու օրենքի գերակայության երկիր»,- հայտարարել է Սանտոսը:

Նա նաև հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները կհամաձայնեն ընդունել ԵԱՀԿ-ի ամբողջական պատվիրակությանը՝ ընտրությունների մոնիտորինգի անցկացման նպատակով, ու չեն խոչընդոտի նրանց գործողություններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս