«Գազպրոմն» արձագանքել է
Թուրքիայի կողմից Ստոկհոլմի արբիտրաժային դատարան ներկայացրած հայցը նորմալ պրակտիկա է, ռուսական կողմը չի բացառում նաև վեճի մինչդատական կարգավորումը: Այս մասին RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:
«Արբիտրաժային դատարան հայց ներկայացնելը տարբերակներից մեկն է, որը նախատեսվում է պայմանագրով: Դա նորմալ է: Կա հնարավորություն վեճը կարգավորել ինչպես մինչևդատական եղանակով, այնպես էլ արբիտրաժային դատարանով»,- Թուրքիայի իշխանությունների որոշումը մեկնաբանել է Կուպրիյանովը:
Հիշեցնենք, որ Թուրքիան հայց է ներկայացրել արբիտրաժային դատարան՝ պահանջելով վերանայել գազամատակարարման պայմանագրի պայմանները:
Ռուսաստանն ու Թուրքիան դեռ մեկ տարի առաջ էին պայմանավորվել ռուսական գազի գնի նվազեցման վերաբերյալ, սակայն այդ պայմանավորվածությունը կապվում էր
«Թուրքական հոսք» գազատարի շինարարության թույլտվության հետ:
Թուրքիայի կառավարության փոփոխության պայմաններում գազատարի շինարարության մասին միջկառավարական պայմանագրի ստորագրումը հետաձգվել էր, չէին ստորագրվել նաև զեղչի վերաբերյալ փաստաթղթերը: