Մեծամորի ատոմակայանը բացարձակ անվտանգ է, իսկ վերագործարկման աշխատանքների ավարտից հետո կշահագործվի ևս 10 տարի. Ադոլֆ Բիրկհոֆեր
Հայաստանի ատոմակայանը բացարձակ անվտանգությամբ է օժտված, ինչպիսիք են աշխարհի նմանատիպ մի շարք ատոմակայաններ։ Այսօր ՀՀ Նախագահին կից ազգային էներգետիկայի անվտանգության խորհրդի նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց խորհրդի նախագահ, Մյունխենի տեխնիկական համալսարանի ռեակտորների անվտանգության և դինամիկայի ամբիոնի ղեկավար Ադոլֆ Բիրկհոֆերը։
«Հայաստանը այդ մակարդակին հասել է երկար տարիների ընթացքում»,- ասաց նա։
Խորհրդի գործադիր քարտուղար, «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի» տնօրեն Վահրամ Պետրոսյանն էլ տեղեկացրեց, որ խորհրդին քննարկվել են վերջին երկու տարում ատոմային էլեկտրակայանում իրականացված աշխատանքները՝ պարզելու թե ինչքանով է բարձրացվել ատոմակայանի անվտանգությունը։
«Խոսվեց ատոմակայանի կյանքի տևողության երկարացման հարցի մասին։ Ընդհանրապես ամբողջ աշխարհում ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի նման բլոկների կյանքը երկարացվում է 15 և ավելի տարիներով։ Օրինակ՝ Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Ուկրաինայում երկարացվել է։ Եթե ատոմակայանի նախագծային կյանքի տևողությունը 30 տարի է, ապա այն մինչև 30 տարի էլ կարելի երկարացնել։ Մենք առայժմ ձեռնամուխ ենք եղել երկարացնելու 10 տարով»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է նոր էներգաբլոկի կառուցմանը, ապա Վահրամ Պետրոսյանը նշեց, որ այս տարիները հնարավորություն են տալիս ընտրելու, թե ինչպիսին պետք է լինի նոր էներգաբլոկը։
«Հիմա միջազգային շուկա են մտնում միջին ու ցածր հզորության ատոմային էլեկտրակայաններ։ Մենք ուզում ենք նման միջուկային էներգաբլոկ ունենանք՝ 300-600 մեգավատ հզորությամբ։ Նոր զարգացող երկրները ներկայումս գնում են նրան, որ անպայման ունենան միջուկային էներգաբլոկ՝ ոչ մեծ հզորության։ Հետևաբար շուտով տարբեր էներգաբլոկներ կմտնեն շուկա, ու մինչև գործող էներգաբլոկի գործարկման ավարտը կընտրենք տեսակը ու կունենանք նոր էներգաբլոկ»,- ասաց նա և նշեց, որ սպասելիքներ կան Ռուսաստանից, Չինաստանից, ԱՄՆ-ից։
Իսկ գործող ատոմակայանի կյանքի տևողության երկարացման աշխատանքները բաժանված են երկու փուլի, առաջին փուլի աշխատանքները կավարտվեն 2016թ-ին, իսկ ամբողջ աշխատանքը՝ 2018թ-ին։
«Ներկայումս իրականացվում են տարբեր սարքավորումների, շինությունների ստուգում՝ դիագնոստիկա, որից հետո՝ հաջորդ փուլում, կորոշվի, թե ինչ սարքավորումներ պետք է փոխվեն։ Կգնենք նոր սարքեր ու ատոմակայանի կյանքը կերկարացվի մինչև 2027թ-ը»,- ասաց նա։