Եվրամիության պատվիրակությունը հայտարարություն է տարածել՝ կապված Վրաստանում տիրող «քաղաքական լարվածության» հետ
Վրաստանում Եվրամիության պատվիրակությունը ու Թբիլիսիում հավատարմագրված ԵՄ երկրների դեսպանները հայտարարել են, որ ուշադիր հետևում են Վրաստանում գոյություն ունեցող մեդիա-միջավայրին ու թեև զերծ են մնում մեկնաբանել «Ռուսթավի-2»-ի շուրջ առաջացած դատական գործընթացը, կան հարցեր, որոնք անհանգստություն են հարուցում ու պահանջում են արձագանքել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
«Ասոցացման մասին համաձայնագրի իրականացման գործընթացում մեր կողմից ավելացել է Վրաստանին ցուցաբերվող աջակցությունը, նաև իրավիճակի ուսումնասիրությունը դարձել է ավելի ինտենսիվ»,- ասվում է հոկտեմբերի 26-ին տարածած հաղորդագրության մեջ, որը տարածել է ԵՄ պատվիրակությունը Վրաստանում ԵՄ երկրների առաքելության ղեկավարների համաձայնությամբ:
Հայտարարությունը՝ կապված «Վրաստանում առկա քաղաքական լարվածության հետ», մատնանշում է, որ «տվյալ փուլում շատ կարևոր է շարունակել ձեռք բերված բարեփոխումներն ու ապահովել դեմոկրատական ինստիտուտների լիարժեք գործունեությունը»:
«ԶԼՄ-ների բազմակարծությունն ու քաղաքական միջավայրը կարևորագույն բաղադրիչ են երկրի եվրոպական ընտրության ու ժողովրդավարության համար»,- ասվում է հայտարարության մեջ:
«Մենք զերծ ենք մնում մեկնաբանել կոնկրետ դատական գործը, սակայն մեզ անհանգստացնում են հարցերը, որոնք պահանջում են արձագանք: Մենք սպասում ենք, որ օրենքի գերակայության սկզբունքները, դատական համակարգի անկախությունն ու ԶԼՄ-ների ազատությունը կկիրառվեն գործնականում ու Վրաստանի համար այդ կարևոր շրջանում: ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելը կամ սահմանափակումները կարող են թուլացնել դեմոկրատական պրոցեսը, ներառյալ 2016 թվականին նախանշված խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Կոչ ենք անում բոլոր պետական ինստիտուտներին ու քաղաքական խաղացողներին զերծ մնալ այնպիսի քայլերից կամ հայտարարություններից, որոնք նպաստում են լարվածության աճին ու երկբևեռությանը»,- ասվում է հայտարարության մեջ: