Շահագործման հանձնվեց առաջին վերանորոգված ջերմաքարշը
Այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպոյում շահագործման հանձնվեց առաջին վերանորոգված ջերմաքարշը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն լրագրողների հետ զրույցում ասաց, որ ջերմաքարշը վերանորոգվել է ПР3 ծավալով, ինչն, ըստ նրա՝ հավասար է հիմնավերանորոգման. «Նմանատիպ վերանորոգումը առաջին անգամն է Հայաստանի տարածքում, և ես համոզված եմ, որ ապագայում մեր գործընկերները նոր հաջողությունների կհասնեն»:
Գյումրու լոկոմոտիվային դեպոյի Երևանի տեղամասի պետ Արթուր Եդիգարյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ վերանորոգման մասին է խոսքը ու ինչ նպատակներով է կիրառվելու ջերմաքարշը.
«Ջերմաքարշն անցել է ընթացիկ նորոգում ПР3 ծավալով. էլեկտրական մեքենաները ուղարկել ենք Գյումրի, որտեղ վերանորոգել են, իսկ այստեղ հավաքել ենք: Վերանորոգումը տևել է երկու ամիս: Նման վերանորոգումը 90-ականներից հետո առաջին անգամն է արվում: Այս տարի ևս մեկն է վերանորոգվելու: Նմանատիպ 14 շոգեքարշ ունենք, առաջինը վերանորոգեցինք, մյուսները ևս վերանորոգման կարիք ունեն ու հերթի մեջ են: Վերանորոգման համար ծախսվել է մոտավորապես 5 մլն դրամ: Ջերմաքարշը կայարաններում մանևրային աշխատանքներ է կատարում: Ջերմաքարշի մեքենաները էլեկտրական են, աշխատում են դիզել գեներատորներով»:
Ա. Եդիգարյանը նշեց, որ ոչ միայն ջերմաքարշերը, այլև մյուս բոլոր վագոններն էլ վերանորոգման կարիք ունեն: