
«Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը». Էդվարդ Նալբանդյան

Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
Հոկտեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրյոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
Հանդիպմանը շարունակվեցին քննարկումներն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու շուրջ։
Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը միջնորդների ուշադրությունը հրավիրեց առ այն, որ նույնիսկ նախորդ ամիս եռանախագահների երկու հայտարարություններից հետո Ադրբեջանը շարունակել է Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումները։
«Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքները զուգորդվում են Բաքվում ամենաբարձր մակարդակով ռազմատենչ հայտարարություններով ու սպառնալիքներով, թշնամանքի և ատելության քարոզչությամբ։ Ադրբեջանի կողմից միջադեպերի քննության մեխանիզմ ստեղծելու համանախագահների հասցեական հրապարակային կոչի մերժումը վկայում է, որ Բաքուն ցանկանում է տապալել Հայաստանի և եռանախագահ երկրների ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»,- շեշտեց նախարար Նալբանդյանը։