Կրեմլը հերքում է Սիրիայում խաղաղ բնակիչներին ռմբակոծելու մասին լուրերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը քննադատել է իրավապաշտպանների ենթադրությունները, թե ռուսական ավիացիան վնաս է հասցնում Սիրիայի խաղաղ բնակիչներին, հայտնում է Interfax-ը:
«Մենք վերջին մի քանի օրվա ընթացքում ֆիքսում ենք մեծաթիվ հաղորդագրություններ, թերթերի սուտ լուրեր, մասնավորապես վերջին ռազմաօդային օպերացիայի մասին, որը Սիրիայում իրականացնում են Ռուսաստանի Զինված ուժերը»,- հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը:
Պեսկովը նաև նշել է, որ թիրախների ընտրության ժամանակ «առաջնահերթ ուշադրություն է դարձվում այն բանին, որ վնաս չհասցվի քաղաքացիական բնակչությանը»: Նրա խոսքով՝ ահաբեկիչները հաճախ թաքնվում են բնակելի շինություններում, սակայն ռուս զինվորականները հարված չեն հասցնում բնակավայրերին:
Հիշեցնենք, որ երեկ մի շարք ԶԼՄ-ներ հայտնեցին, որ իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը հրապարակել է զեկույց, որտեղ Ռուսաստանին կասկածում է միջազգային իրավունքի նորմերի խախտման մեջ: Մասնավորապես, կազմակերպությունը կոչ էր արել Մոսկվային «ուշադրություն դարձնել այն վնասին, որը ռուսական ավիացիան հասցնում է Սիրիայի խաղաղ բնակչությանը»: