Լևոն Զուրաբյանը Կարեն Անդրեասյանին հիշեցրեց ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի անդամների դեմ բռնաճնշումները
Այսօր ԱԺ նիստում շարունակվեց «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցի քննարկումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը խոսեց բոլոր թեմաներից՝ կրթության, դեղերի, հոգաբարձուների, հարկային, դատական, հոգեկան հիվանդների համար դատարանի մատչելիության, բայց ամենակարևոր խնդրին, որ ՄԻՊ-ի առաջին խնդիրն է՝ մարդու իրավունքների հիմնարար ազատությունների վրա չի կենտրոնացել: Ըստ նրա՝ տպավորություն է, որ ՄԻՊ-ը խոսում է ավելի շատ կառավարման անարդյունավետոթյան, քան մարդու իրավունքների մասին:
Լ.Զուրաբյանը հիշեցրեց ԲՀԿ և ՀԱԿ անդամների դեմ բռնաճնշումները ու մեղադրեց, որ ՄԻՊ-ը դրան բացարձակապես չի անդրադարձել, կամ չի անդրադարձել ԵԽԽՎ ձևակերպմանը քաղբանտարկյալի մասին, ու պարզեն Շանթ Հարությունյանը որքանով է համապաստանում դրան:
Կ.Անդրեասյանը հայտարարեց, թե մարդու իրավունքների սկզբունքներում չկա առաջնային կամ երկրորդական խնդիրներ և իրենք ամենահեշտ լուծվող հարցերն են փորձել առանձնացնել: Նա նշեց, որ 500 էջանոց զեկույցում նշված են բոլոր խնդիրները, այդ թվում Մարտի 1-ի հարցը:
Տարբեր տեսակի բռնությունների, ծեծերի վերաբերյալ Կ.Անդրեասյանը նշեց, որ հարցադրումն օբյեկտիվ չէ, բոլոր առանձին միջադեպերով եղել է հայտարարություն և արձագանք, և պատշաճ ձևակերպումները տեղ են գտել զեկույցում, բայց վերջնական գնահատականներ տրվում են նախաքննության ավարտից հետո:
«Ո՛չ ՀԱԿ, ո՛չ ԲՀԿ կողմից կոնկրետ գանգատ այդ ճնշումների բռնարարքների մասին դիմում չեմ ստացել: Հրապարակային ելույթները մեզ համար վարույթ հարուցելու հիմք չեն»,- ասաց Կ.Անդրեասյանը: