Բաժիններ՝

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Ֆելիքս Արամյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ՝ Ֆելիքս Արամյանը:

Նա ծնվել է 1936 թվականի նոյեմբերի 1-ին: Ավարտել է Էստոնիայի Տալլին քաղաքի պետական կոնսերվատորիան և իր ողջ կյանքը նվիրել է երաժշտությանը, արվեստին:

Հեղինակել է ավելի քան 150 ռադիոբեմադրությունների ու պիեսների երաժշտական ձևավորումները, եղել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատաիկական թատրոնի հիմնադիրներից մեկը և ձևավորել է բոլոր ներկայացումները:

Աշխատել է Մոսկվայի(Վախթանգովի փոքր թատրոն), Բրատիսլավայի, Վարշավայի, Սոֆիայի, Պրահայի, Թբիլիսիի, Փարիզի, Գյումրու և Վանաձորի առաջատար թատրոններում: Հիմնադրել և երկար տարիներ ղեկավարել է Էրեբունի-Երևան և Ոսկե Աշուն տոնակատարությունների մշակութային մասը:

Ֆելիքս Արամյանի շնորհիվ բազմաթիվ երաժշտական կոմպոզիցիաներով ու ձայնային էֆեկտներով է հարստացել Հայաստանի Հանրային Ռադիոյի երաժշտական ֆոնդը: Երկար տարիներ աշխատել է մաեստրոներ՝ Հովհաննես Չեքիջյանի և Օհան Դուրյանի հետ, ձայնագրել է վերջինիս ստեղծագործությունները, այդ թվում նաև 9-րդ սիմֆոնիան: Դասավանդել է տարբեր ինստիտուտներում:

Աղջկա՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանի հետ միասին, բեմադրել են այնպիսի մոնո ներկայացումներ, ինչպիսիք են Վահագն Դավթյանի «Ռեքվիեմն» ու Սիլվա Կապուտիկյանի «Սիրո այբուբենը»: Նա իր մեծ հետքն է թողել իր ստեղծագործությունների սիրահարների և ուսանողների սրտերում:

Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 26-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս