
«Կամուրջ» բարեգործական ցուցահանդես-վաճառքի հասույթը կտրամադրվի ՀԲԸՄ սիրիահայության օգնության ծրագրերին

Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոց-ցուցասրահում բացվել է «Կամուրջ» բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որտեղ ներկայացված են հայր և որդի գեղանկարիչների աշխատանքները: Կտավների վաճառքի ողջ հասույթը կտրամադրվի Հայկական բարեգործական ընդհանուր միության սիրիահայության օգնության ծրագրերին:
Ցուցահանդեսին ներկայացված թվով 56 աշխատանքների հիմնական մասը՝ բնանկար, գունանկար, աբստրակտ աշխատանքներ, կոմպոզիցիաներ, վերջին տարիներին ստեղծված գեղանկարներ են:
Գեղանկարիչների մասնակցությամբ առաջիկայում նախատեսում են կազմակերպել այլ ցուցահանդեսներ ևս:
Տեղեկացնենք, որ 2003թ. Բարսելոնայում Մուշեղ Գրիգորյանի աշխատանքներն ընդգրկվել են «Հազարամյակի արվեստի ուղեցույց» կատալոգում, ինչին նախորդել էր իսպանական քաղաքում կազմակերպված ցուցահանդեսին մասնակցությունը: