Վրաստանի նախագահը խորհրդատվություններ է անցկացնում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին խորհրդատվություններ է անցկացնում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Հանդիպումն սկսվել է Վրաստանի նախագահի նստավայրում քիչ առաջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Հիշեցնենք, որ երեկ Մարգվելաշվիլին խորհրդատվություններ է անցկացրել քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Վրաստանի նախագահի հետ դեռ չեն համաձայնել հանդիպել իշխող թիմի անդամները: «Այդ խորհրդատվությունները չափազանց կարևոր են մեզ համար, քանի որ ստեղծված վիճակի մասին կան միջազգային արձագանքներ: Մեզ հետաքրքրում է նրանց կարծիքն ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ: Խորհրդատվությունների նպատակը երկխոսության միջոցով իրավիճակը կարգավորելն է»,- հանդիպումից առաջ հայտարարել է միջազգային հարցերով Մարգվելաշվիլիի խորհրդական Թենգիզ Փխալաձեն:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է այդ գործընթացում բոլոր կողմերի ներգրավվածությունը:
Այսօրվա հանդիպմանը մասնակցում են «Բաց հասարակություն-Վրաստան», NIMD, NDI ու IRI կազմակերպությունների ներկայացուցիչները, «Եվրասիա» հիմնադրամը, Բյոլլի հիմնադրամը, Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին, Մարգվելաշվիլիի խորհրդականները:
Միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Մարգվելաշվիլին կհանդիպի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Մարգվելաշվիլին երեկ արտակարգ հայտարարություն է արել՝ կապված «Ռուսթավի-2» հեռուստաընկերության շուրջ տեղի ունեցող լարվածության հետ:
«Սահմանադրության պաշտպանությունը յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է, առաջին հերթին՝ Վրաստանի իշխանությունների: Ցավոք, Վրաստանի կառավարության ղեկավարի այսօրվա հայտարարությունը, իրավիճակը լիցքաթափելու փոխարեն, ավելի շատ լարվածություն է առաջացել ստեղծված իրավիճակում: Կոչ եմ անում բոլորին զերծ մնալ կտրուկ քայլերից ու զսպել զգացումները:
Կոչ եմ անում դատավորին չկայացնել կոշտ ու հապճեպ որոշումներ, ինչը կարող է ավելի սրել իրավիճակը: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ սկսում եմ խորհրդատվությունները քաղաքական կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ, որպեսզի երկրում պահպանենք քաղաքացիական կայունությունը, խաղաղությունն ու սահմանադրական կարգը»,- հայտարարել էր Մարգվելաշվիլին: