Թուրքիայի ԵՄ հարցերով նախկին նախարար. «1915 թ. կատարվածը Ցեղասպանություն էր»
Թուրքիայի Եվրոպական հարցերի նախկին նախարար, քրդամետ ժողովուրդների դեմոկրատական (ԺԴԿ-HDP) կուսակցությունից Թուրքիայի խորհրդարանի անդամ Ալի Հայդար Քոնջան հոկտեմբերի 18-ին այցելել է Նիդերլանդների հայաշատ Ալմելո քաղաք և հանդիպում ունեցել համայնքի ներկայացուցիրների հետ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության` «Ermenihaber.am»-ի տված տեղեկության համաձայն` Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցում կայացած հանդիպմանը մասնակցել են նաև ՀՅԴ Նիդերլանդների կառույցի և Հայ Դատի հանձնախմբի անդամները:
Քոնջան իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Հայոց Ցեղասպանության խնդրին, ասելով. «Բոլորս գիտենք, որ 1915-ին Օսմանյան Թուրքիայում բնակվող հայ ազգաբնակչությունը դարձավ աղետալի և արյունալի դեպքերի զոհը: Եթե մեկ բառով նկարագրելու լինենք հայ ժողովրդի տառապանքները, պետք է ասենք, որ կատարվածը ցեղասպանություն էր»: