«Ոչ»-ի հիմնավորումները թույլ են

«Դա, իհարկե, իրենց անելիքն ու նպատակն է, իրենց գործողություններն են, բայց ես չեմ կարծում, որ «ոչ»-ի ճակատը համակարգված ընդհանուր ինչ-որ հետևորդների խումբ ունի, որովհետև իրենց ներկայացուցիչներն էլ են անընդհատ փոխվում, իրար հետ էլ երբեմն խնդիրներ են ունենում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ մեկնաբանելով «Նոր Հայաստան» նախաձեռնության հայտարարությունը մոբիլիզացիայի և դեկտեմբերի 1-ին իրականացվելիք իշխանափոխության մասին:

Ըստ նրա՝ Հանրապետականն իր գործն է անելու, արդեն իսկ քարոզչություն է իրականացնում, շտաբի պետը կձևավորի խմբերը, և շատ ինտենսիվ կզբաղվեն դրանով. «Թեև ես միշտ կողմնակից եմ եղել, որ կուսակցությունները տարվա ընթացքում, ինչպես Հանրապետականը, աշխատեն իրենց ընտրողների հետ և՛ մարզերում, և՛ Երևանում: Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր պետք է «ոչ» ասեն, առհասարակ պետք է հասկանան` ինչին են «ոչ» ասում: Դա ամենակարևորն է, որովհետև միշտ չէ, որ «ոչ»-ի ներկայացուցիչները կարողանում են հիմնավորել՝ ինչու են ասում՝ «ոչ»: Կամ` եթե հիմնավորում են, միայն մեկ հիմնավորում են բերում, որ դա մեր նախաձեռնությունն է, կամ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունն է: Դա շատ թույլ հիմնավորում է, և, կարծում եմ, որ այդպես իրենք չեն կարող ունենալ բանակ, կամ մարդիկ, ովքեր իրենց հետևից կգնան»:

Մեր հարցին, որ, այսինքն՝ Հանրապետականը վախենալու բան չունի՞ դեկտեմբերի 1-ին, Կ.Աճեմյանը պատասխանեց, թե առհասարակ վախենալու բան չունեն, և ոչ թե՝ նրա համար, որ անպարտելի են, այլ պարզապես իրենք իրենց գործն են անում. «Ընդհանուր առմամբ, ես միշտ մտածել եմ, որ իշխանությունները պետք է մեծահոգի լինեն և լսեն, իհարկե, նաև այն մարդկանց փոքրաթիվ, ովքեր «ոչ» են ասում ոչ միայն այս հարցին: Առհասարակ պետք է լսենք և պետք է հետևություններ անենք, որովհետև նրանք էլ են մեր քաղաքացիները, և նրանց կարծիքն էլ ինչ-որ չափով մեզ հետաքրքրում է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս