Սահմանադրական հանրաքվեն իշխանափոխության հետ որևէ առնչություն չունի
«Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ընթանում է իր բնականոն հունով և շատ ողջունելի է, որ այն միավորները, անհատները, քաղաքական գործիչները, ովքեր այս կամ այն պատճառով կողմ չեն, դեմ են այդ փոփոխություններին, Սահմանադրության և օրենքի շրջանակներում իրենց ձայնը բարձրացնեն, օգտվեն իրենց իրավունքներից և քարոզարշավ իրականացնեն, որպեսզի այդ կերպ փորձեն ազդեցություն ունենալ հանրաքվեի ելքի վրա: Միևնույն ժամանակ իշխանությունները, որոնք նախաձեռնել են փոփոխությունները, ունենալով իրենց գործողությունների ծրագիր, բնականաբար, ընթանալու են այդ ծրագրով, և ես չեմ կարծում, որ սահմանադրական հանրաքվեն այն խնդիրն է, որ ինչպես երբեմն ներկայացնում են մեր որոշ գործընկերներ, իշխանափոխության հետ որևէ առնչություն ունի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ մեկնաբանելով «Նոր Հայաստան» նախաձեռնության հայտարարությունը, որ իրենք պատրաստվում են իշխանափոխություն իրականացնել դեկտեմբերի 1-ին:
Նա կիսում է որոշ քաղաքական գործիչների մտահոգությունը և կարծում է, որ այդ մտահոգությունն անկեղծ է, որ շատ դեպքերում է, որ հասարակության ընդդիմադիր տրամադրված հատվածը, որը շատ մեծ տոկոս է կազմում, երբեմն-երբեմն ոչ խոհեմ հաշվարկների կամ գործողությունների արդյունքում տարվում են միտումնավոր կամ ոչ գիտակցված նոր հիսաթափության. «Ես շատ մեծ ցանկություն ունեմ, որ քարոզարշավն ընթանա օրենքի տառին և ոգուն համապատասխան: Իսկապես շատ լավ տեքստ է, շատ ողջունելի սահմանադրա-իրավական կարգավորումներ են իմ պատկերացմամբ Հայաստանի ապագայի տեսանկյունից: Մինևնույն ժամանակ դրանք ոչինչ չեն արժենա, եթե քարոզարշավը և բուն հանրաքվեն որևէ առումով խնդրահարույց լինեն մեր հանրային ընկալման համար, որովհետև մեզ հարկարվոր են լեգիտիմ գործընթաց և լեգիտիմ արդյունքներ»: