Ռումինիայի նախկին նախագահը մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ
Ռումինիայի դատարանը հետաքննություն է սկսել երկրի նախկին նախագահ Իոն Իլիեսկուի նկատմամբ: Վերջինս մեղադրվում է 1990 թվականի բողոքի ցույցերը ճնշելիս մարդկության դեմ գործած հանցագործություններ կատարելու մեջ, հայտնում է RIA Novosti-ն:
Այս մասին հայտարարել է Ռումինիայի գլխավոր դատախազը: «Պարոն Իլիեսկուն տեղեկացվել է իր նկատմամբ դատական հետաքննություն սկսելու մասին»,- հայտարարել է դատախազության ներկայացուցիչը:
1990 թվականի փետրվարին ու հունիսին որոշ քաղաքական խմբեր ու ուսանողական ակտիվիստներ բողոքի ցույցեր էին կազմակերպել Բուխարեստի կենտրոնում՝ պահանջելով նախկին կոմունիստների հեռացումը: Հունիսին բողոքի ակցիաները ճնշվել էին այն բանից հետո, երբ ընդդիմադիրների վրա հարձակումներ էին գործել երկրի մայրաքաղաք ժամանած հազարավոր հանքափորներ, ովքեր գրոհել էին կուսակցությունների բյուրոն ու թերթերի խմբագրությունները:
Նշենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Իլիեսկուի դեմ մեղադրանք է առաջադրվել այն բանի պատճառով, որ նա դրդել է հանքափորներին Բուխարեստ գալ ու ճնշել իր հրաժարականը պահանջող ուսանողների բողոքի ցույցերը:
Ուսանողների ցույցը ճնշելու հետևանքով սպանվել էր 6 մարդ, մի քանի տասնյակ մարդ ստացել էր վնասվածքներ: