«ՀՀ-ԵՄ վերսկսվելիք գործընթացն օդի մեջ գտնվող, հիմք չունեցող, անապահով գործընթաց է». Արթուր Ղազինյան

«Ո՞ր քաղաքական ուժը պետք է սնուցի ՀՀ-ԵՄ բանակցությունները»,- «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ և հեռանկարներ» թեմայով քննարկման  ժամանակ նման հարց բարձրացրեց Եվրոպական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

Նա իր անհանգստությունը հայտնեց քաղաքական դաշտի անսկզբունքայնության վերաբերյալ: «Ո՞ր քաղաքական ուժը պետք է աջակցի, խրախուսի, ուղեկցի ԵՄ-ի հետ բանակցությունների գործընթացը, բանակցությունն ինքն իրենով քաղաքական գործընթաց է ու պահանջում է քաղաքական աջակցություն կուսակցությունների, խմբերի, կառույցների կողմից: Այսօր ո՞ր քաղաքական ուժն է պատրաստ աջակցելու այդ գործընթացին, ո՞վ է պատրաստ խրախուսել այդ գործընթացը: ԱԺ կուսակցությունների մեծամասնությունն ուղղակիորեն մրցավազքի մեջ էր, թե ով ավելի արդյունավետ Հայաստանը կմիացնի ԵՏՄ-ին, մի ամբողջ քարոզչական բանակ, որը մինչ սեպտեմբերի երեքը կողմ էր եվրոպական ինտեգրացիային՝ մեկ ժամում դարձավ Եվրասիական միության ջատագով, որից հետո ոչ մի հրաժարական մենք չունեցանք, ոչ մի հրաժարական: ՉԷ՞ որ կային մարդիկ, ովքեր ասում էին, թե հնարավոր չէ, որ Հայաստանը միանա ԵՏՄ-ին, ասում էին, որ հանձնառու են մինչև վերջ տանել ԵՄ-ի հետ բանակցությունները, գնում են դեպի իրենց արմատները, հիշեք այդ բառերը: Որևէ պաշտոնյա չասաց, որ չի կարող հակառակ գնալ իր նախկին խոսքերին: Բոլորը միանգամից դարձան ԵՏՄ ջատագովներ: Քաղաքական ուժը ո՞րն է, այսօր սա օդի մեջ գտնվող գործընթաց է, հիմք չունի, ապահով չէ: Եթե գտնենք մի ուժ, որը կսնուցի այս գործընթացը, կունենանք հաջողություն, կամ էլ կմնա օդի մեջ կախված իշխանության տվյալ իրավիճակի դիրքերում»,- նման տեսակետ հայտնեց Արթուր Ղազինյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս