Կանադան հետ է կանչում իր ինքնաթիռները Սիրիայից ու Իրաքից
Կանադայի Լիբերալ կուսակցության ղեկավար Ջասթին Տրյուդոն, ով դարձել է երկրի նոր վարչապետը, հայտարարել է, որ կանադական ավիացիան այլևս չի մասնակցի Իրաքում ու Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերի ռմբակոծման գործողություններին:
Նա այդ մասին հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Կանադայի խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության տարած հաղթանակից հետո:
Տրյուդոն իր նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր մինչև 2016 թվականի մարտը Մերձավոր արևելքից դուրս բերել կանադական CF-18 ռմբակոծիչները:
«Ես խոստացել էի, որ մենք կշարունակենք կրել պատասխանատվության մեր մասը, քանի որ գիտակցում ենք, որ Կանադան կարևոր դեր է խաղում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, սակայն ես խոստացել եմ դադարեցնել ռազմական գործողությունները»,- ասել է Տրյուդոն Օբամային:
Այդուհանդերձ, կանադացի ինստրուկտորները կմնան Իրաքի հյուսիսում, հայտնում է AFP-ն:
Նա նաև հայտնել է, որ Կանադան մինչև տարեվերջ կընդունի 25 հազար սիրիացի փախստականի:
Կանադայի վարչապետը դեռ չի հայտնել այդ ինքնաթիռների Կանադա վերադարձի հստակ ժամկետը:
Կանադայի Լիբերալ կուսակցությունը հաղթել էր երկուշաբթի կայացած ընտրություններում՝ երկրի գրեթե 10-ամյա կառավարումից դուրս մղելով պահպանողականներին՝ Սթիվեն Հարփերի գլխավորությամբ:
Ջասթին Տրյուդոն միջնակարգ դպրոցի նախկին ուսուցիչ է՝ Կանադայի նախկին վարչապետ Պիեռ Տրյուդոյի որդին: