«Ամենակարևորը ռուսական թույլտվությունն է, բայց չպետք է թերագնահատել եվրոպական մանդատի նշանակությունը». Աղասի Ենոքյան

«Եվրոպական միության հետ սպասվելիք բանակցությունները երկար կտևեն»,- «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին իր համոզմունքը հայտնեց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը` անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և ՀՀ-ԵՄ բանակցությունների վերսկսմանը:

Նա նշեց, որ տարածաշրջանային զարգացումները թույլ են տալիս կանխատեսումներ անել, որ Հայաստանի համար հնարավորություններ են բացվում դեպի Իրան, Եվրոպա, բայց Հայաստանը և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով մնում է Եվրասիական տնտեսական միությունում, մնում է Ռուսաստանի ազդեցության գոտում, և որևէ նախադրյալ հիմա չի երևակվում, որ Հայաստանը դուրս կգա Ռուսաստանի ազդեցության գոտուց:

«Ուստի, այս առումով, չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կունենանք: Օրինակ` Իրանի հետ երկար ժամանակ բանակցում ենք տարբեր խնդիրների, տարբեր նախագծերի շուրջ, և ոչինչ տեղից չի շարժվում: Այստեղ հիմնական պատճառն այն է, որ չկա ռուսական թույլտվություն: Նույնն այս համաձայնագիրն է, բայց միաժամանակ չպետք է թերագնահատել եվրոպական մանդատի նշանակությունն ու նախատեսվող բանակցությունները: Ենթադրում եմ, որ բանակցությունները երկար կտևեն, որովհետև ամեն քայլ պետք է համաձայնեցվի Ռուսաստանի հետ, այս առումով բավականին երկար գործընթաց է, բայց կրկին խնդիր չէ, ամենակարևորը, որ Եվրոպայի հետ համագործակցելու պատուհան է բացվել, և պարզ է, որ տարածաշրջանային և ՌԴ-ում սպասվող փոփոխություններից հետո մենք գոնե չենք հայտնվի անպատրաստ վիճակում Եվրոպայի առջև, մենք գոնե կունենանք քննարկման շրջանակներ, ձևաչափեր, մասնագետներ, որոնք հետագայում կարող են ավելի խորը և ընդգրկուն քննարկումների մեջ մտնել Եվրոպայի հետ»,- նման կարծիք հայտնեց Աղասի Ենոքյանը:

Տեսանյութեր

Լրահոս