«ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը պետք է բանակցվի արտոնյալ ռեժիմով, կամ copy paste արվի Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը». Թևան Պողոսյան

«ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրման համար չպետք է սպասել մինչև հաջորդ ԱլԳ գագաթաժողով»,- «Եվրոպական հանձնաժողովը ՀՀ-ի հետ բանակցություններ սկսելու մանդատ է ստացել. ակնկալիքներ և հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը` անդրադառնալով ՀՀ-ԵՄ նոր բանակցվելիք համաձայնագրին:

Նա տեղեկացրեց, որ, երբ այս օրերին ՀՀ-ում էին Եվրոպական միության, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները, նախնական բանակցությունների ժամանակ հայկական կողմին հարց էին ուղղում` հնարավո՞ր է, որ ապագայում ևս Հայաստանը ճնշումների ենթարկվի, և թույլ չտրվի ստորագրել համաձայնագիրը: Այսինքն, ըստ Պողոսյանի՝ անցյալի դասերից մեկը պետք է լինի այն, որ ցանկացած փուլում, երբ բանակցություն է ընթանալու, պետք է սկսել իրազեկումն այդ գործընթացի մասին:

«Պետք է տեղեկատվություն տրամադրվի հանրությանը` բիզնես, քաղաքական, մշակութային, կրթական համայնքին այն մասին, թե ինչ բարեփոխումներ են նախատեսվում նոր համաձայնագրով, որպեսզի այդ մարդիկ գիտակցեն, որ եթե պետք լինի պայքարել՝ պայքարեն ու հասկանան` ինչի համար են պայքարում: Թեև ես կարծում եմ, որ և ԵՄ-ն, և ՀՀ-ն համապատասխան դասերը քաղել են: Ուրախ կլինեմ, որ բանակցություններն արագ տեմպով ընթանան, քանի որ, եթե երկու կողմերը քաղաքական կամք ցուցաբերեն, ապա Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը կարելի է միանգամից ներառել, copy paste անել, սա ստորագրելու մասին ՀՀ-ն ասել էր դեռևս սեպտեմբերի չորսին, ինչը նշանակում է, որ այդտեղ խնդիր չէին տեսնում»,- առաջարկեց պատգամավորը: Վերջինիս համոզմամբ` չպետք փորձել ձգձգել, Հայաստանին պետք չէ ամպագոռգոռ շքեղ ստորագրման արարողություն:

«Ինչո՞ւ սպասել մինչև հաջորդ ԱլԳ գագաթաժողովը: Ինձ թվում է, որ նախորդ երեքուկես տարվա ընթացքում բանակցային մեխանիզմները լավ մշակվել են, պարտադիր չէ, որ անպայման սենյակներում հանդիպեն, skype-ի մեխանիզմն օգտագործվում էր այն ժամանակ, այսօր էլ այն կարելի է գործի դնել և բանակցությունները կազմակերպել արտոնյալ ռեժիմով, քանի որ դա իսկապես բխում է ՀՀ-ի շահերից, որ ՀՀ-ն կարողանա այդ փաթեթը հնարավորինս արագ ստորագրի և ներգրավվի բարեփոխումների իրականացման գործում»,- նշեց Թևան Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս