
ՌԴ-ն, Իրանն ու Սիրիան կոորդինացնում են իրենց գործողությունները ԴԱԻՇ-ի դեմ պայքարում. Իրանի ԱԳՆ

Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան ամբողջությամբ կոորդինացնում են իրենց գործողությունները ԴԱԻՇ-ի դեմ պայքարում Սիրիայում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Հոսեյն Ամիր Աբդոլահիանն այսօր Լոնդոնում իր ելույթի ժամանակ:
«Մոսկվայի ու Թեհրանի միջև հարաբերությունները կայուն են ու ռազմավարական առումով՝ կարևոր: Մենք փորձում ենք նման հարաբերություններ հաստատել նաև եվրոպական երկրների հետ»,- նրա խոսքերը մեջբերել է իրանական Mehr գործակալությունը:
Նրա խոսքով՝ Իրանի ու Ռուսաստանի հարաբերությունները շարունակական են ու չեն վերաբերում միայն Սիրիային:
Ամիր Աբդոլահիանն ընդգծել է, որ Իրանը չի վարում ցամաքային օպերացիա Սիրիայում: «Մենք չենք տեղակայել մեր ցամաքային զորքերը Սիրիայում: Իրանը սիրիական կառավարությանը ցուցաբերում է միայն ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվություն»,- ասել է նա:
Դրա հետ միասին, Իրանը պատրաստ է աջակցել ահաբեկչության դեմ պայքարին նաև տարածաշրջանի այլ երկրներում, ներառյալ Իրաքում ու Եմենում, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալը:
Վերջինս ղեկավարում է Իրանի պատվիրակությունը, որը երկուշաբթի ժամանել է Լոնդոն՝ բանակցություններ վարելու Բրիտանիայի ԱԳՆ-ի ու խորհրդարանի հետ: Բանակցությունների թեման, որը երեկ է տեղի ունեցել, եղել է իրավիճակը Մերձավոր արևելքում: