Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրկադիրովի քրեական գործն ուղարկվել է Բաքվի դատարան
Ադրբեջանում կալանավորված լրագրող Ռաուֆ Միրկադիրովի քրեական գործի նյութերն ուղարկվել են դատարան:
Ինչպես APA-ին հայտնել է փաստաբան Ֆուադ Աղաևը, Միրկադիրովի քրեական գործն այսօր ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան:
Հիշեցնենք, որ «Զերկալո» թերթի քաղաքական մեկնաբան Ռաուֆ Միրկադիրովը կալանավորվել է Բաքվում 2014 թվականի ապրիլի 19-ին՝ Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես անց:
Միրկադիրովը մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ 274-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ Հայաստանի օգտին լրտեսություն կատարելու (պետական դավաճանության) մեջ: Միրկադիրովը կտրականապես հերքում է իրեն ուղղված մեղադրանքները:
Անցած տարվա ապրիլի 19-ին նրա նկատմամբ կայացվել էր 3 ամսով կալանավորելու որոշում: Լրագրողի կալանքի ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: