Բաժիններ՝

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 26-28-ը կայցելեն տարածաշրջան. Մամեդյարով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հոկտեմբերի 26-28-ը կայցելեն տարածաշրջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեկ Կոստա Ռիկայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Նա հաստատել է, որ Նյու Յորքում միջնորդների հետ բանակցությունների ժամանակ քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները, հայտնում է contact.az-ը:

«Հարկավոր է շարունակել համանախագահների առաջարկների առաջ քաշումը»,- հայտարարել է Մամեդյարովը: Նրա խոսքով՝ ներկայում կա երկու տարբերակ՝ առաջինը, եթե կայանա նախագահների հանդիպումը և նրանք որոշեն օրակարգը և երկրորդ, եթե քննարկումներ արվեն առաջարկությունների շուրջ, որոնք նախկինում առաջ էին քաշել երկու երկրների նախագահները: Ադրբեջանի արտգործնախարարի խոսքով՝ այդ հարցը դեռ բաց է մնում:

Հարցին՝ արդյոք Մամեդյարովը կմասնակցի դեկտեմբերի 2-ին Բելգրադում կայանալիք ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, վերջինս պատասխանել է, որ ամենայն հավանականությամբ, ադրբեջանական կողմը կմասնակցի գագաթաժողովին:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում Ադրբեջանի ու ԵԱՀԿ-ի միջև հարաբերությունները լարված են մնում: Ադրբեջանը փակել է ԵԱՀԿ գրասենյակը Բաքվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս