
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ԱրՊՀ ուսանողների հետ

Նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության բաժնի մի խումբ ուսանողների և դասախոսների հետ:
Արցախի պետական համալսարանի պաշտոնական կայք էջի փոխանցմամբ՝ ողջունելով հյուրին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել այցելության և հանդիպման համար:
Ռեկտորը նշել է, որ բուհի ղեկավարությունը կարևորում է հանդիպումները ՀՀ և ԼՂՀ հասարակական, քաղաքական, մշակութային և այլ գործիչների հետ և պարբերաբար անձամբ է հանդես գալիս նման նախաձեռնություններով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային գործունեությունը, ընդգրկման ոլորտներն ու գործառույթները:
«Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Այսօր մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է հետևյալ գործառույթները` դիտորդական, միջնորդական, պաշտպանողական և ուղղորդող: Հիմնական գործառույթը, սակայն, միջնորդությունն է հասարակության և պետության միջև»,- ասել է Կ. Անդրեասյանը:
Զրույցի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում Կ. Անդրեասյանը խոսել է նաև իր անցած մասնագիտական ճանապարհից` ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետից մինչև Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոն, դասախոսական և լրագրողական կարիերայից մինչև մարդու իրավունքների պաշտպան: Կ. Անդրեասյանը հանդես է եկել նաև համագործակցության առաջարկությամբ: Նա բուհի ղեկավարությանն առաջարկել է մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կազմակերպել համապատասխան բաժնի ուսանողների ամառային փորձուսուցումը` հիմք ընդունելով դիմող ուսանողների մոտիվացիոն նամակները:
Բացի այս ՀՀ օմբուդուսդմենը առաջարկել է մասնակից դառնալ նաև ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ իրկանացվելիք ծրագրերին, մասնավորապես` դասընթացներին և փորձագիտական միջոցառումներին: Հանդիպումն եզրափակվել է ներկաների միջև ծավալված ակտիվ հարց ու պատասխանով: Հանդիպմանը ներկա էր նաև ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: