Բաժիններ՝

Սայաթ Շիրինյանը հեռացել է համակարգից

ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայի առաջին պրոռեկտոր գնդապետ Սայաթ Շիրինյանը հեռացել է համակարգից:

Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառել է Սայաթ Շիրինյանը:

Ստորև գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Ես հեռանում եմ համակարգից, հեռանում եմ պատվով և արժանապատվորեն:

Շնորհակալություն լուսանկարչին, որ անմահացրեց այն պահը, երբ համակարգից հեռանալու զեկուցագիր եմ գրում ՀՀ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանին:

Ինչպես Ոստիկանությունում, այնպես էլ այստեղ մեծ պատասխանատվությամբ, պատվով ու արժանապատվորեն կրեցի սպայական համազգեստը, անդավաճան մնացի սպայի բարձր կոչմանը:

Մոտ մեկ տարի աշխատեցի ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ակադեմիայում՝ առաջին պրոռեկտորի պաշտոնում: Կարողություններիս չափով արեցի ամեն հնարավորը, որ արտակարգ իրավիճակների մասնագետներ պատրաստող՝ տարածաշրջանում միակ այս բարձրագույն ուսումնական հաստատությունը լինի հզոր, իսկապես ակադեմիական: Այդ նպատակով վերաշինեցինք թե՛ ակադեմիան, և թե՛ նրա «Լուսակերտ» ուսումնավարժական բազան: Ամեն ինչ արեցինք ակադեմիայի վարկանիշը բարձրացնելու համար, և դա մեզ հաջողվեց:

Ակադեմիայի գործունեության մեջ առաջին անգամ ընդունելության քննություններն անցան մրցութային կարգով, և դա այն դեպքում, երբ հանրապետության մյուս բուհերում թափուր տեղեր շատ մնացին: Ակադեմիայի դիմորդների հոսքի աննախադեպ արդյունքը համարում եմ իմ աշխատանքային գործունեության ամենահաջողված իրողությունը:

Մեծ հաջողություն էր նաև ակադեմիայի հրատարակությամբ նախարարության պաշտոնաթերթ «911.Արտակարգ թերթի» նոր ոճով և նոր ձևավորմամբ լույս ընծայումը:

Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր թիմով աշխատեցին ինձ հետ՝ հանուն պետության, հանուն մատաղ սերնդի ակադեմիական դաստիարակության և թողեցին անուն, հարգանք ու պատիվ:

Փրկարարի առաքելությունը ծանր ու պատվաբեր գործ է: Հպարտ եմ, որ, թեև կարճ ժամանակով, ես փրկարարական մեծ ընտանիքի անդամն էի: Ինձ համար պատիվ էր ազնվագույն և յուրահատուկ հոգու տեր մարդկանց հետ աշխատելը:

Ցավում եմ, որ հեռանում եմ համակարգից, շատ գործեր անավարտ մնացին: Երբեք չեմ սպասել գնահատանքի, որովհետև գործել եմ միայն պատվի և արժանապատվության բարձր մղումներով:
Շնորհակալ եմ նախարար Արմեն Երիցյանից իմ հանդեպ ունեցած վստահության համար:

Ցանկությունս է, որ նրա ստեղծած հզոր ու մրցունակ նախարարության նման Ակադեմիան էլ դարձնի նույնքան հզոր, նույնքան մեծակարող, ինչպես «Արտակարգ քաղաք» համարվող նախարարությունը:
Իմ կյանքում սկսվում է նոր սկիզբ, նոր իրողություններով ու սպասելիքներով…

Բարին ընդ բոլորին…

Հարգանքներով՝ գնդապետ Սայաթ Շիրինյան»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս