Ո՞րն է Twix, Snickers և մյուս շոկոլադե սալիկների էժանացման պատճառը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Twix, Snickers, Kit Kat, M&M’s, Mars, Bounty տեսակի բոլոր հայտնի շոկոլադե սալիկները երեւանյան գրեթե բոլոր խանութներոմ կտրուկ էժանացել են։ Նախկինում փոքր Snickers գինը կազմում էր 250-270 դրամ, իսկ այժմ 200։ Նույնն է նաեւ շոկոլադե մյուս հայտնի սալիկների դեպքում։ Սվելի մեծ չափի Kit Kat-ը 350 դրամից դարձել է 300 դրամ։ Խանութների սեփականատերերը մեր զրույցներում խոսելով հայտնի բրենդների էժանացման մասին, ասացին, որ դա կապված է ԵՏՄ անդամ երկրներից՝ մասնավորապես Ռուսաստանից եկող ապրանքի մաքսատուրքի վերացմամբ։ Խանութի սեփականատերերից մեկն էլ ասաց, որ էժանանալուց հետո դրանց սպառումն ավելացել է։
Ռուսաստանից եկող ապրանքները նախկինում էլ ազատված էին մաքսատուրքից։ Եվ եթե միայն դա լիներ պատճառը, անհասկանալի կլիներ, թե ինչու նշված ապրանքները էժանացան Հայաստանի ՝ ԵՏՄ-ին անդամակցելուց միայն 10 ամիս անց։ Իրականում տեղի է ունեցել մեր տնտեսության համար բավականին նշանակալից իրադարձություն։
Խնդիրն այն է, որ մինչեւ վերջերս նշված շոկոլադեղենի ներկրման մոնոպոլիան պատկանում էր մեկ ընկերության, որն էլ միանձնյա գին էր որոշում շուկայում։ Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, մոտ մեկ ամիս առաջ մեկ այլ ընկերության հաջողվել է ջարդել այդ մոնոպոլիան։ Ու հիմա առնվազն երկու ընկերություններ իրար հետ մրցակցում են, եւ դրա շնորհիվ էլ նշված շոկոլադեղենի գինը նվազել է միանգամից 10-20 տոկոսով, սպառումն էլ ավելացել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում