Աղջիկը սուտ մատնություն է արել, թե տղամարդն իրեն տարել է քարե տնակ և բռնաբարել
Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 20-ամյա աղջիկը մեղավոր է ճանաչվել սուտ մատնություն կատարելու մեջ: Դատարանի վճռով՝ նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում 3 ամիս ժամկետով: Դատարանը վճռել է պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան` 1 տարի ժամկետով:
20-ամյա աղջկան նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տանը չգիշերելու հանգամանքն իր ընտանիքի անդամների մոտ արդարացնելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն. Ոստիկանության բաժնում նախապես նախազգուշացված լինելով ակնհայտ սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել այն մասին, որ մի տղամարդ իր ավտոմեքենայով իրեն իբրև առևանգել և տարել է քարե տնակ, որտեղ իր կամքին հակառակ՝ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել:
Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է՝ դատաքննությունն անցկացնել արագացված կարգով, և հայտարարել է, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցել է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել :
Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին: