Գերմանիայում իսլամի դեմ բազմահազարանոց երթը վերածվել է անկարգությունների
Նվազագույնը 1 մարդ է ստացել ծանր վնասվածք Գերմանիայի Դրեզդեն քաղաքում Pegida շարժման («Եվրոպացի հայրենասերներն ընդդեմ Արևմուտքի իսլամացման») հակաիսլամական ցույցի հետևանքով, որը տեղի է ունեցել երեկ:
Ինչպես հայտնում է Sächsische Zeitung-ը, ակցիայի մասնակիցներից մեկը գլխին երկաթի ձողով հարված է ստացել: Իրավապահները ստիպված են եղել կիրառել պղպեղի աերոզոլներ:
Բողոքի ակցիայից հետո որոշ խուլիգաններ ու նեոնացիստներ հարձակվել են ոստիկանների վրա, նրանց ուղղությամբ նետել շշեր:
Սաքսոնիայի մայրաքաղաքի Տեատերպլաց հրապարակում, տարբեր տվյալների համաձայն, հավաքվել են Pegida-ի 15-20 հազար կողմնակիցներ: Նրանց տարբեր կողմերից մոտեցել են աջարմատական շարժման հակառակորդները: Հաղորդվում է, որ 15-19 հազար մարդ է դուրս եկել փողոց «Սիրտն ընդդեմ թույնի» կարգախոսով: Ցուցարարները կրել են նաև պաստառ, որի վրա գրված է եղել. «Մենք դեկորացիա չենք քսենոֆոբիայի դրսևորման համար»:
Pegida-ի երթի դեմ որպես բողոքի նշան՝ Դրեզդենի բազմաթիվ մշակութային հաստատություններ ու եկեղեցիներ հանգցրել են իրենց շինությունների լույսերը:
Սաքսոնիայի Կանաչների կուսակցության ղեկավար Յուրգեն Կազեկը հայտարարել է, որ Pegida-ն հող է նախապատրաստում ատելություն սերմանելու համար: